Թուրքիայում նախարարների հեռախոսները թիրախավորվել են լրտեսական ծրագրի կողմից
МЕЖДУНАРОДНОЕApple-ը Թուրքիայի առնվազն երեք նախարարի տեղեկացրել է, որ նրանց հեռախոսները կարող են դարձած լինել վճարովի լրտեսող ծրագրերի հարձակման թիրախ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Middle East Eye-ի թղթակից Ռագըփ Սոյլուի հաղորդման համաձայն՝ Apple-ը անվտանգության ծանուցում է ուղարկել առնվազն երեք թուրք նախարարի այն մասին, որ նրանց iPhone-ները հնարավոր է թիրախավորվել են վճարովի լրտեսական ծրագրերով:
Անցյալ ամիս Apple-ը նմանատիպ հարձակումների վերաբերյալ նախազգուշացրել էր iPhone-ի օգտատերերին 110 երկրում, այդ թվում՝ Թուրքիայում: MEE-ի աղբյուրների համաձայն՝ թուրք երեք նախարարները ծանուցումը ստացել են նախազգուշացումների այդ նույն ալիքի շրջանակում: Նախարարների ինքնությունը չի նշվում։
MEE-ի հետ զրուցած թուրք պաշտոնյան նշել է, որ նախարարները, կարևոր տեղեկատվությունը պաշտպանելու նպատակով օգտագործել են ուժեղացված անվտանգությամբ հեռախոսներ և հատուկ ծածկագրված հավելվածներ:
Apple-ի նախազգուշացումից հետո նորաստեղծ Կիբեռանվտանգության վարչությունը քննության է ենթարկել հեռախոսները: Սարքերն ավելի ուշ փոխարինվել են, և նախարարների հեռախոսների վրա կիրառվել են անվտանգության լրացուցիչ միջոցներ: Թե հարձակման ժամանակ կոնկրետ որ լրտեսող ծրագիրն է օգտագործվել, դեռևս պարզ չէ:
MEE-ն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ շուկայում առկա են Pegasus-ի նմանատիպ վերահսկողության գործիքներ առաջարկող բազմաթիվ ընկերություններ: Թուրք պաշտոնյան նշել է, որ տարածաշրջանում նախարարների, քաղաքական գործիչների, գործարարների և այլ կարևոր անձանց հեռախոսների վրա հարձակման փորձերն արդեն սովորական են դարձել:
«Այս հարձակումների համար հատուկ պատճառ պետք չէ, բոլորս պետք է զգոն լինենք»,— հայտարարել է պաշտոնյան: Թուրքիան նախկինում ևս դարձել էր նմանատիպ հարձակումների թիրախ: 2021թվականին պնդումներ էին տարածվել, որ թուրք բարձրաստիճան պաշտոնյաները թիրախավորվել են Իսրայելում տեղակայված «NSO Group» ընկերության կողմից մշակված «Pegasus» լրտեսական ծրագրով: Նույն թվականին «Forbidden Stories»-ի գլխավորած միջազգային հետաքննությունը պարզել էր, որ 2016 թվականից ի վեր ավելի քան 50.000 հեռախոսահամար ընտրվել է որպես հնարավոր թիրախ:
Անկարայում MEE-ի աղբյուրները նշում են, որ վերջին հարձակումների հետևում կարող են կանգնած լինել տարբեր քաղաքական և տնտեսական շահեր ունեցող խմբեր: Աղբյուրների փոխանցմամբ՝ կասկածյալների թվում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իսրայելը և Հունաստանը, սակայն սա հաստատող որևէ տեխնիկական ապացույց դեռևս չկա:
Հարձակման աղբյուրը հստակորեն որոշելը տեխնիկական տեսանկյունից բավականին բարդ է: Հեռախոսի օպերացիոն համակարգի թարմացումը կարող է ջնջել հարձակման հետ կապված որոշ հետքեր: Իսկ մնացած տվյալները երբեմն մատնանշում են միայն որոշակի երկրի հետ կապված IP հասցե, ինչը բավարար չէ ապացուցելու, որ հարձակումն իսկապես իրականացվել է այդ երկրի կողմից:



