Հայաստանի տնտեսական ակտիվությունը հունվարին աճել է 5,5 տոկոսով
ЭКОНОМИКАՀայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016 թվականի հունվարին 5,5 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպրատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում են գրանցել առևտրի շրջանառության, արտաքին առևտրաշրջանառության ոլորտները: Սպառողական գների ինդեքսը նվազել է 0.4 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 6,3 տոկոսով:
Շինարարության ծավալը կրկին աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 5,1 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում ևս առկա է աճ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ` 5,2 տոկոսով: 2015թ. հունվարի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 5,1 տոկոսով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 1,5 տոկոսով:
Առեւտրի շրջանառությունը նվազել է 2,7 տոկոսով և կազմել 117 մլրդ 958.4 մլն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը շեշտակի աճ է արձանագրել` 15,7 տոկոսով. կազմելով 94 միլիարդ 430.4 միլիոն դրամ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3,5 տոկոսով (179 հազար 309 դրամ): Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2015թ. հունվարի համեմատ նվազել են 13,8 տոկոսով (242.4 մլն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումն ավելացել է 5,6 տոկոսով (89.2 մլն դոլար), իսկ ներմուծումը` 22,2 տոկոսով (153.2 մլն դոլար): Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվարին եղել է 486.04:
Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով: