Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը
ОБЩЕСТВОՍեպտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցական համայնքի ներկայացուցիչները՝ Սանկտ Պետերբուրգի հայերի հոգևոր հովիվ Տեր Եփրեմ քահանա Զարգարյանի գլխավորությամբ, այցելել են Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորական Տեր Հովհաննես Շարիստանյանի (Շարիստանյան Հովհաննես Պետրոսի) շիրիմին:
Տեր Եփրեմ Զարգարյանը և Արթիկի Լմբատավանք վանքի հոգևոր հովիվ Տեր Վիգեն քահանա Ղազարյանը գերեզմանին կատարել են հոգեհանգստյան կարգ։
Տեր Հովհաննեսի շիրիմը գտնվում է Սմոլենսկի լյութերական գերեզմանատան եզրին՝ հայկական գերեզմանատան հարևանությամբ։ Մինչև 1791 թվականին Գոլոդայ կղզում հայկական գերեզմանատան համար տարածքի հատկացումը, դեռևս 1747 թվականին այդտեղ առանձնացվել էր տարածք «տարբեր դավանանքների օտարազգի բնակիչների» հուղարկավորության համար։ Այստեղ հիմնականում թաղվել են գերմանացիներ և հայեր։
2024 թվականին հոգևորականի շիրիմը նույնականացվել է։ Տեր Եփրեմ Զարգարյանի օրհնությամբ, «Մեր գործը» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և աջակցությամբ «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպության ակտիվիստները մաքրել են տապանաքարը և հարակից տարածքը և մինչ օրս հոգում են գերեզմանի մաքրության պահպանման մասին։
Սանկտ Պետերբուրգում հայկական եկեղեցու կառուցումից առաջ փոքրաթիվ հայկական համայնքը ծիսական արարողություններ կատարելու համար հրավիրում էր հոգևորականների Մոսկվայից։ 1720-ականների վերջին մշտական հոգևորականի անհրաժեշտությունն արդեն առավել քան ակնհայտ էր։ Այդ պատճառով 1730 թվականին Էջմիածնի կաթողիկոսությունը Սանկտ Պետերբուրգ մշտական ծառայության է ուղարկել Հովհաննես Շարիստանյանին (Շարիստանենց, 1710–1787), որը Ռուսաստանում գրանցվել է Իվան Պետրովիչ Շարիստանով անունով։
Տեր Հովհաննեսը ապրել է մինչև Սանկտ Պետերբուրգի Սուրբ Եկատերինա եկեղեցու շինարարության ավարտն ու 1780 թվականին դրա օծումը։ Նա նույնիսկ ծառայել է եկեղեցում՝ առաջին հոգևոր հովիվ, ավագ քահանա Ստեփանոս Լորիս-Մելիքովի առաջնորդությամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ



