14 հազար տոմսից վաճառվել է 6 հազարը․ դատարկ տրիբունաների պատասխանատուն ո՞վ է
СПОРТԱրմեն Նիկողոսյանի հրապարակած տվյալով՝ առաջիկա խաղի համար 14 հազար տոմսից վաճառվել է ընդամենը 6 հազարը։ Մեզ հասած տեղեկություններով՝ տոմսերի շրջանառությունը թույլ է նույնիսկ երկրպագուների սեկտորում։ Սա դժվար է անջատել ընդհանուր պատկերից․ հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշում ցածր դիրք ունի, վերջին շրջանում տեսանելի վերելք չկա, իսկ ՀՖՖ-ի ու հավաքականի նկատմամբ հանրային հետաքրքրությունն ու վստահությունը պատմականորեն նվազել են։
Ամռան ընկերական խաղերի ժամանակ ևս, ըստ մեր տեղեկությունների, տոմսերից շատ քիչ է վաճառվել։ Տրիբունաները լցնելու համար տոմսերի մեծ մասը բաժանվել է ակադեմիաներին ու մարզադպրոցներին, բայց մարզադաշտն այդ դեպքում էլ կիսով չափ է լցվել։ Իսկ ի՞նչ պետք է մտածեն տոմս գնած երկրպագուները, երբ իմանան, որ մյուսներին տոմսերը պարզապես բաժանվել են։
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի՝ երկրպագուներին ուղղված կոչերը տարօրինակ են հնչում այս իրավիճակում։ Հատկապես երբ Մելիքբեկյանը կարծես կարծում է, թե հրապարակային ուղերձը կարող է բարելավել հավաքականի հանրային կերպարն ու մարդկանց բերել մարզադաշտ։ Գուցե նա չի նկատում, որ իր և ՀՖՖ-ի նկատմամբ կորցրած վստահությունը կարող է մարդկանց չգալու պատճառներից մեկը լինել, և որքան քիչ ասոցացվի հավաքականի հետ, այդքան լավ տղաների համար:



