Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ
МЕЖДУНАРОДНОЕԻ տարբերություն աշխարհում առկա բազմաթիվ այլ հակամարտությունների, Հայաստանի և Ադրբեջանի դեպքում առկա էին համաձայնության հասնելու համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները։
Այյս մասին «Խաղաղության խորհուրդը» միջոցառման ժամանակ, որին մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և մի շարք երկրների կառավարությունների ներկայացուցիչներ, ասել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
«Մենք ունեինք երկու կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին, որոնք աներևակայելի պրագմատիկ էին, հասուն և հասկանում էին, որ խաղաղության համաձայնագիրը երկարատև հակամարտության լավագույն այլընտրանքն է։ Եվ ամենակարևորը՝ մենք ունեինք նախագահ Թրամփին՝ այս գործընթացին նրա համապարփակ աջակցությամբ»,- ասել է Ուիթքոֆը։
Նա պատմել է նաև Բաքու կատարած իր առաջին այցի մասին, որի ընթացքում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի ռազմական հետախուզության ղեկավար Օրհան Մուրադովի հետ։ «Երբ վերադարձանք Բաքու կատարած մեր առաջին այցից, որտեղ հանդիպել էինք նախագահ Ալիևի և նրա ռազմական հետախուզության ղեկավար Օրհանի հետ, մենք նախագահին պատմեցինք Հայաստանի և Ադրբեջանի խնդիրների մասին, այն մասին, թե ինչպես, մեր զգացողությամբ, երկու ժողովուրդները պարզապես պատշաճ կերպով չէին փոխգործակցում։ Այնուամենայնիվ, մենք զգում էինք, որ երկու առաջնորդներն էլ այն կետում էին, որ ցանկանում էին ինչ-որ բան անել։ Եվ նախագահն ասաց՝ «Դարձրեք դա առաջնահերթություն»»,- ասել է Ուիթքոֆը
Նրա խոսքով՝ դրանից հետո գործընթացը վերածվել է արդյունավետ աշխատանքի, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է կենտրոնանալ այդ հարցի վրա։ Ուիթքոֆը հիշատակել է նաև Սպիտակ տանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպումը։
«Ես հիշում եմ հանդիպումն Օվալաձև աշխատասենյակում։ Բուխարիի դիմաց, նրա (Թրամփի․՝ խմբ․) սեղանի դիմաց, երկու աթոռ կար։ Այնտեղ Հայաստանի վարչապետն էր՝ հրաշալի մարդ, և Ադրբեջանի նախագահը։ Նրանք նստած էին, իսկ նախագահը (Թրամփը՝ խմբ․) մեջտեղում էր, և նա խնդրեց երկուսին էլ սեղմել միմյանց ձեռքերը։ Նա վերցրեց վարչապետի ձեռքը և դրեց իր ձեռքի վրա։ Նախագահ Ալիևին խնդրեց իր ձեռքը դնել վերևից։ ԱՄՆ նախագահը մի փոքր նման էր ֆուտբոլային մարզչի, որը հավաքում է բոլոր խաղացողների ձեռքերը։ Եվ ասաց՝ «Իսկ հիմա սա թիմ կլինի»։ Դա անհավանական, էպիկական պահ էր, ես երբեք չեմ մոռանա դա»,- պատմել է Ուիթքոֆը։
Նա կրկին նկատեց՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, որոնք տասնամյակներ շարունակ հակամարտության մեջ էին, այդ պահին միասին էին նստած և ձեռքերը դրել էին ԱՄՆ նախագահի ձեռքի վրա։
Անդրադառնալով «TRIPP» ծրագրին՝ Ուիթքոֆը նշել է, որ այժմ հիմնական ուշադրությունը կենտրոնացած է բեռնափոխադրումների թողունակության և շուկա հասնելու արագության վրա։ «Երբ TRIPP-ը գործարկվի, այն առևտրային երթուղիները կկրճատի երկուսուկեսից երեք շաբաթով։ Իրապես զարմանալի բաներ են տեղի ունենում, ամբողջ աշխարհը կրկին կմիավորվի»,- ասել է նա՝ հավելելով, որ դա կարող է հանգեցնել խոշոր ներդրումների։ Ուիթքոֆը կրկին հիշեցրել է ԱՄՆ նախագահի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում։
«Նախագահ Թրամփը այստեղ առանցքային կապող օղակն էր, որովհետև ես գիտեմ, որ նախորդ առաջնորդները փորձել են գտնել Ադրբեջանի և Հայաստանի բարդությունների և դժվար պատմության միջով անցնելու ճանապարհը։Նրա խոսքով՝ խաղաղության գործընթացում կարևոր դեր են ունեցել նաև Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները։ «Սա նրա արժանիքն է, բայց սա նաև Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների քաջությունն է՝ օգոստոսի 8-ին միասին գալ Վաշինգտոն՝ ստորագրելու այս կարևոր հուշագիրը։ Սա այն է, ինչը ես երբեք չեմ մոռանա»,- հավելել է Ուիթքոֆը։



