ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ
МЕЖДУНАРОДНОЕՊեկինը և Վաշինգտոնն օրերս խորհրդակցությունների ընթացքում համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ: Հանդիպման շրջանակում կողմերը նաև անցկացրել են արհեստական բանականության վերաբերյալ իրենց առաջին երկխոսությունը՝ երկկողմ տնտեսական և առևտրային խորհրդակցությունների մեխանիզմի ներքո։ Այս մասին հայտարարել է Չինաստանի առևտրի նախարարության խոսնակ Հե Յադոնը:
«Վերջերս Չինաստանի և ԱՄՆ-ի տնտեսական և առևտրային խմբերը Միացյալ Նահանգներում անցկացրին տնտեսական և առևտրային խորհրդակցությունների ութերորդ փուլը։ Երկու պետությունների ղեկավարների կողմից ձեռք բերված կարևոր կոնսենսուսի հիման վրա և պահպանելով փոխադարձ հարգանքի, խաղաղ համակեցության և փոխշահավետ համագործակցության սկզբունքները, երկու կողմերն ունեցան կարծիքների անկեղծ, խորը և կառուցողական փոխանակում և հասան բազմաթիվ համաձայնությունների փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական և առևտրային հարցերի շուրջ, ներառյալ տնտեսական և առևտրային խորհրդակցությունների առկա կոնսենսուսի իրականացումը, մաքսատուրքերի փոխադարձ նվազեցման պայմանավորվածությունները, առևտրային խորհրդի և ներդրումային խորհրդի ստեղծումը», – նրա խոսքերն է փոխանցում Reuters գործակալությունը:
Չինական կողմը սերտ շփումներ կպահպանի ամերիկյան կողմի հետ, հավելել է նախարարության խոսնակը:
Սեպտեմբերի 20-ին Չինաստանի փոխվարչապետ Հե Լիֆենը, որը գլխավորում էր չինական պատվիրակությունը, Նյու Յորքում բանակցություններ է վարել ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի և ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրի հետ։ Կողմերը հանդիպել են նաև սեպտեմբերի 23-ին:
Հանդիպումից հետո Բեսենթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը պայմանավորվել են երկու ամսով երկարաձգել «առևտրային հրադադարը», որի ժամկետը պետք է լրանար նոյեմբերի 10-ին: Նրա խոսքով՝ սա լրացուցիչ ժամանակ կտա ավելի ընդգրկուն առևտրային համաձայնագրի մշակման համար:
Միևնույն ժամանակ, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը եռօրյա պետական այցով Վաշինգտոնում է: Նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկումների օրակարգում են արհեստական բանականությունը, Իրանի դեմ պատերազմը, Թայվանը և առևտրային հարաբերությունները:



