18-ամյա ուսանողուհին նախանձից դրդված սպանել է 19-ամյա համակուրսեցուն
ОБЩЕСТВОԱՄՆ-ի Թենեսի նահանգում սեպտեմբերի 30-ին նախատեսված է 50-ամյա Քրիստա Փայքի մահապատիժը։ Եթե դատավճիռն իրականացվի, նա կդառնա նահանգում մահապատժի ենթարկված առաջին կինը վերջին մոտ 200 տարվա ընթացքում։
Փայքը 1995 թվականին, երբ 18 տարեկան էր, սպանել է 19-ամյա համակուրսեցուն, որին, ըստ քննության, ընկալում էր որպես իր մրցակից։ Հետաքննության տվյալներով՝ Փայքը և նրա 17-ամյա ընկերը աղջկան տարել են անտառ, որտեղ շուրջ կես ժամ բռնության են ենթարկել նրան։
Իրավապահների տվյալներով՝ սպանությունն առանձնակի դաժանությամբ է իրականացվել։ Զոհի մարմնի վրա, ըստ քննության, փորագրվել է սատանայական խորհրդանիշ, իսկ սպանությունից հետո Փայքը զոհի գանգից մի հատված վերցրել է որպես «գավաթ»։
1996 թվականին դատարանը Փայքին մեղավոր է ճանաչել և մահապատժի դատապարտել։ Նրա հանցակիցը դատապարտվել է ցմահ ազատազրկման, քանի որ հանցագործության պահին 18 տարեկան չի եղել։
Past.am-ի փոխանցմամբ՝ Փայքի պաշտպանական թիմը մինչև վերջին պահը փորձել է կանխել մահապատժի իրականացումը։ Նահանգապետին ներկայացված 226 էջանոց միջնորդության մեջ պաշտպանները մատնանշել են նրա դժվար մանկությունը, սեռական բռնության ենթարկվելու պատմությունը, ինչպես նաև երկբևեռ խանգարման և հետտրավմատիկ սթրեսային խանգարման ախտորոշումները։
Պաշտպանական կողմը պնդել է, որ Փայքի նկատմամբ մահապատիժը չափազանց խիստ պատիժ է, քանի որ հանցագործությունը կատարվել է նրա դեռահասության շրջանում և ծանր տրավմայից հետո։ Սակայն Թենեսիի նահանգապետը մերժել է ներման խնդրանքը։
Past.am-ի տեղեկություններով՝ Թենեսիում կնոջ վերջին մահապատիժն իրականացվել է 1819 թվականին։ Եթե Փայքի մահապատիժը կատարվի սեպտեմբերի 30-ին, նա կդառնա նահանգում մոտ երկու դար անց մահապատժի ենթարկված առաջին կինը։



