3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածել
ОБЩЕСТВОՍեպտեմբերի 29-ին «Դեֆանս Հաուզինգ» թաղամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի առնչությամբ «Դեֆանս Հաուզինգը» հայտնում է, որ երեք անձի մահվան պատճառ դարձած դժբախտ դեպքը տեղի է ունեցել ոչ թե շինարարական աշխատանքների ընթացքում, այլ շինարարական աշխատանքներն արդեն ավարտած ընկերություններից մեկի կողմից իրեն պատկանող աշտարակային կռունկի ապամոնտաժման ժամանակ։
Դեպքի հետևանքով մահացած երեք անձինք «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ընկերության աշխատակիցներ չեն հանդիսացել։
«Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ընկերությունը «Դեֆանս Հաուզինգ» թաղամասի կառուցապատողն է։ Թաղամասում շինարարական աշխատանքներն իրականացնում են տասնյակ մասնագիտացված կազմակերպություններ՝ ընկերության հետ կնքված պայմանագրերի հիման վրա։
Յուրաքանչյուր կազմակերպություն իր կողմից իրականացվող աշխատանքների շրջանակում պատասխանատու է դրանց կազմակերպման, ինչպես նաև աշխատանքի անվտանգության համապատասխան նորմերի պահպանման համար։
«Դեֆանս Հաուզինգը» խորին ցավակցություն է հայտնում ողբերգական դեպքի հետևանքով մահացած անձանց ընտանիքներին և հարազատներին։
Ընկերությունը շահագրգռված է դեպքի օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ և պատրաստակամորեն համագործակցում է իրավասու մարմինների հետ։
Դեֆանս Հաուզինգի մամուլի ծառայություն
Հետևեք մեզ՝ այստեղ



