ԱՄՆ-Իրանի հարաբերություններում դիվանագիտական բեկում մտցնելու ջանքերը էական արդյունքներ չեն տվել․ Axios
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի և Իրանի հարաբերություններում կատարցի միջնորդների՝ դիվանագիտական բեկում մտցնելու այս շաբաթվա ջանքերը էական արդյունքներ չեն տվել, քանի որ կողմերից ոչ մեկը պատրաստ չէ զիջումների գնալ։ Այս մասին հայտնել է Axios-ը՝ վկայակոչելով բանակցություններին քաջատեղյակ երեք աղբյուրի։
«Բանակցությունները փակուղի են մտել։ Իրանական կողմը պահանջում է պայմաններ, որոնք ԱՄՆ-ն չի կարող ընդունել, մինչդեռ ամերիկյան կողմը կարծում է, որ առավելություն ունի, և փոխզիջման անհրաժեշտություն չի տեսնում», - Axios-ին հայտնել է աղբյուրներից մեկը։
Ըստ հրապարակման՝ սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում կատարցի միջնորդ Ալի ալ-Թավադին երկարատև հանդիպում է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և նրա պատվիրակության հետ։ Կողմերը քննարկել են Կատարի առաջարկը, որը նախատեսում էր ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակման վերացում՝ միջուկային հարցի շուրջ իրանական կողմի զիջումների դիմաց։
Նույն օրը Վաշինգտոնում ալ-Թավադին բանակցություններ է վարել Թրամփի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշների և ԱՄՆ այլ պաշտոնյաների հետ։ Հանդիպման մի մասին մասնակցել է նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Սակայն, ըստ Axios-ի աղբյուրների, այդ քննարկումները չեն հանգեցրել կողմերից որևէ մեկի դիրքորոշման էական փոփոխության։
Պարբերականը նշել է, որ ստեղծված իրավիճակը մեծացնում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական հակամարտության վերսկսման հավանականությունը։ ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հրամայել լայնածավալ ռազմական գործողություններ սկսել Թեհրանի դեմ։
Կատարի ներկայացուցիչները մտադիր են շարունակել միջնորդական ջանքերը, թեև երկու աղբյուր նշել է, որ նրանք գնալով ավելի մեծ հիասթափություն են ապրում՝ կապված երկու կողմերի որդեգրած դիրքորոշումների հետ։



