Նորածին երեխան մահացել է օդանավակայանի զուգարանում, մայրն էլ հիվանդանոցում է մահացել․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
ОБЩЕСТВОՄոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի ժամանման գոտու զուգարանում հոկտեմբերի 2-ին հայտնաբերվել է նորածին տղայի դին։ Երեխայի 30-ամյա մայրը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, ըստ ռուսական լրատվամիջոցների, ավելի ուշ մահացել է։
Դեպքի առնչությամբ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։ Քննիչները զննել են դեպքի վայրը, հարցաքննել ականատեսներին և նշանակել դատական փորձաքննություններ՝ երեխայի և կնոջ մահվան պատճառները, ինչպես նաև տեղի ունեցածի մյուս հանգամանքները պարզելու համար։
Ռուսական «ՌԵՆ TV»-ի տեղեկություններով՝ կինը օդանավակայան էր ժամանել Անթալիայից՝ քաղաքացիական ամուսնու և դստեր հետ։ Օդանավակայանում նրա մոտ ծննդաբերական ցավեր են սկսվել, ինչից հետո նա գնացել է զուգարան, որտեղ էլ ծննդաբերել է։
Միաժամանակ, ռուսական լրատվամիջոցները տարբեր տեղեկություններ են փոխանցում դեպքի մանրամասների վերաբերյալ։ Մասնավորապես, «ՌԵՆ TV»-ն, հղում անելով իր աղբյուրներին, պնդում է, որ կինը ծննդաբերությունից հետո վնասել է երեխային, իսկ ինքը հիվանդանոցում մահացել է արյան մեծ կորստի հետևանքով։
Սակայն այս տեղեկությունները դեռևս պաշտոնապես չեն հաստատվել։ ՌԴ Քննչական կոմիտեն առայժմ չի հրապարակել երեխայի ծննդյան, նորածնի մահվան և կնոջ մահվան հանգամանքների վերաբերյալ մանրամասներ։
Past.am-ը հետևում է դեպքի զարգացումներին։ Քննությունը շարունակվում է, և իրավապահները պարզում են տեղի ունեցածի ամբողջական պատկերը։



