Հութիների կողմից Սաուդյան Արաբիայի օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով կան զոհեր
МЕЖДУНАРОДНОЕՍաուդյան Արաբիայի օդանավակայանների վրա իրականացված հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս 36-ը՝ վիրավորվել: Ենթադրվում է, որ հարձակումներն իրականացրել են Եմենի հութիները։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հոկտեմբերի 7-ին հայտնել են երկրի քաղաքացիական ավիացիայի ներկայացուցիչները։
Նրանց տվյալներով՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադի «Քինգ Խալիդ» միջազգային օդանավակայանի վրա հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել։ Իսկ Աբհայի օդանավակայանի օբյեկտների վրա հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, 28-ը՝ վիրավորվել։
Քաղաքացիական ավիացիայի իշխանությունները նշել են, որ հարձակումներից մեկը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին, մյուսը՝ հոկտեմբերի 6-ին՝ առանց հստակեցնելու, թե որ հարձակումը որ օրն է իրականացվել։
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան, որը պայքարում է Իրանի հետ դաշնակցող հութիների դեմ, հայտարարել է, որ հարձակումները «անպատիժ չեն մնա»։ Նախօրեին տարածած հայտարարության համաձայն՝ կոալիցիան հարվածներ է հասցրել հութիների ավելի քան 80 ռազմական օբյեկտների ուղղությամբ։
Նույն օրը հութիները բալիստիկ հրթիռներով և պայթուցիկներով լիցքավորված անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Եմենի Ադենի միջազգային օդանավակայանի վրա։ Տրանսպորտի նախարարության տվյալներով՝ հրթիռներից մեկը ընկել է օդանավակայանի թռիչքուղու մոտ՝ Կահիրեից ժամանող ինքնաթիռի վայրէջքից րոպեներ առաջ։ Ադենի օդանավակայանը Եմենի՝ հութիների վերահսկողությունից դուրս գտնվող տարածքների համար միջազգային հիմնական օդային դարպասն է։



