Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև
МЕЖДУНАРОДНОЕՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը, հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը այսօր Թուրքմենստանի Ավազա բնակավայրում Կենտրոնական Ասիայի պետությունների և Ադրբեջանի ղեկավարների 8-րդ խորհրդակցական հանդիպման ժամանակ:
«Հատուկ նշանակություն է տրվում տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացմանը: Վերջին տարիների դինամիկան ակնառու կերպով վկայում է այդ, ինչպես հաճախ անվանում են, Միջին միջանցքի աճող պահանջվածության մասին», – ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Տոկաևը՝ շարունակելով. – «Ենթադրում եմ, որ կարելի կլիներ առայժմ փորձագիտական մակարդակում քննարկել Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP տրանսպորտային նախաձեռնությանը, ինչը կընդլայներ առկա ներուժը և համապատասխանում է մեր բոլոր պետությունների երկարատև շահերին»:
Միջին միջանցքը հայտնի է նաև որպես «Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղի», այն Չինաստանն ու Կենտրոնական Ասիան կապում է Եվրոպայի հետ և անցնում է նաև Կասպից ծովով ու Հարավային Կովկասով: Ներկայումս այդ ճանապարհը շրջանցում է Հայաստանն ու անցնում է Չինաստան-Ղազախստան-Կասպից ծով-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Եվրոպա երթուղով: Սակայն Միջին միջանցքի համատեքստում հաճախ հիշատակվում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»՝ TRIPP նախագիծը: Եթե Հայաստանի ապաշրջափակում տեղի ունենա, ապա Հարավային Կովկասում Միջին միջանցքը կարող է ունենալ երկու զուգահեռ տարբերակ՝ Վրաստանով և Հայաստանով դեպի Թուրքիա:
Բացի Միջին միջանցքից՝ գոյություն ունեն նույնպես գլոբալ բեռնափոխադրման նաև Հյուսիսային և Հարավային միջանցքներ, որոնցից մեկը Ռուսաստանից է կախված, իսկ մյուսը՝ Իրանից: Երկու երկրների հետ էլ արևմտյան երկրներն ունեն խնդիրներ:



