Մարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունը
ПОЛИТИКАԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարիաննա Ղահրամանյանը հոկտեմբերի 8-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության առողջապահության ու կախվածությունների վարչության պետ Քրիստեան Շիմեկի գլխավորած պատվիրակության հետ։
Մարիաննա Ղահրամանյանը ներկայացրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված «Դեղերի մասին» օրենքում առաջարկվող լրացումները և փոփոխությունները։
Նախագծի նպատակն է պարզեցնել Եվրոպական միության անդամ երկրներում փորձաքննություն անցած և գրանցված դեղերի՝ Հայաստանում ճանաչման ընթացակարգը։
Մարիաննա Ղահրամանյանի խոսքով` օրինագծի ընդունումը կնպաստի բնակչությանը որակյալ և մատչելի դեղերով ապահովելու գործընթացի բարելավմանը։
Նա ընդգծել է, որ նախաձեռնությունը կարևոր է ոչ միայն սոցիալական և առողջապահական խնդիրների լուծման, այլև եվրոպական չափանիշների ներդրման և եվրոպական ինտեգրման տեսանկյունից։
Քրիստեան Շիմեկը շնորհակալություն է հայտնել տեղեկատվության համար և նշել, որ նախագծի վերաբերյալ տեղեկությունները կփոխանցի դեղերի որակի և գրանցման խնդիրներով զբաղվող ԵԽ համապատասխան մարմիններին։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը, անդրադարձել են Հայաստանում իրականացվող ոլորտային ծրագրերին։



