Աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք
ОБЩЕСТВОԱշակերտուհուն հարվածած Վարդաձորի դպրոցի ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք` 2 ամիս ժամկետով։
«Քննիչը կալանքի միջնորդություն է ներկայացրել. դատարանը մասնակի է բավարարել միջնորդությունը. տնային կալանք է կիրառվել»,- Auroranews-ին հայտնեցին ՔԿ-ից:
Ավելի վաղ Auroranews.am-ին ԿԳՄՍ նախարարությունից հայտնել էին, որ դպրոցի տնօրենին հանձնարարվել է համապատասխան քայլեր ձեռնարկել և արդյունքների մասին տեղեկացնել նախարարությանը։
«Սահմանված ընթացակարգի համաձայն՝ տնօրենը պետք է դեպքի վերաբերյալ պարզաբանումներ պահանջի, անհրաժեշտության դեպքում կիրառի համապատասխան կարգապահական միջոց, և արդյունքները ներկայացնի մեզ։ Այս գործընթացը կարող է տևել մի քանի օր»,- հայտնել էին նախարարությունից։
Հիշեցնենք՝ ավելի վաղ SHAMSHYAN.com-ը հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանի աշակերտուհու հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին դասարանում ֆիզիկական բռնության էր ենթարկել երեխային։
Auroranews.am-ը տեղեկացավ, որ դեպքին արձագանքել է նաև Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Նա խիստ մտահոգիչ և անընդունելի է համարում շրջանառվող տեսանյութերում ներկայացվածը և ևս մեկ անգամ ընդգծում է, որ դպրոցական միջավայրում երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում բացարձակապես անթույլատրելի է և պետք է բացառվի։



