Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը
ОБЩЕСТВОՀՀ կառավարությունը հանրային քննարկման է ներկայացրել 2026 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զինծառայողներին զորացրելու մասին որոշման նախագիծը։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am հարթակում։
Նախագծի համաձայն՝ ձմեռային զորակոչը կտևի 2026 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 2027 թվականի փետրվարի 12-ը ներառյալ։ Զինված ուժերի համալրումը պարտադիր կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով նախատեսվում է իրականացնել 2027 թվականի հունվարի 7-ից փետրվարի 12-ը ներառյալ։
Զորացրումը կիրականացվի 2027 թվականի հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ։ Այդ ընթացքում կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր կամ այլընտրանքային զինվորական ծառայությունն ավարտած զինծառայողները, իսկ այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած անձինք կարձակվեն ծառայությունից։
Զորակոչի ենթակա են արական սեռի այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է կամ որոնց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Ինչպե՞ս է կազմակերպվելու զորակոչը
Զորակոչի կազմակերպման համար նախատեսվում է ստեղծել հանրապետական, մարզային և Երևանի քաղաքային զորակոչային հանձնաժողովներ, ինչպես նաև կենտրոնական բժշկական հանձնաժողով։ Հանրապետական հանձնաժողովը կգլխավորի պաշտպանության նախարարը, մարզային հանձնաժողովները՝ համապատասխան մարզպետները, իսկ Երևանի քաղաքային հանձնաժողովը՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը։
Նախագծով պետական մարմինների համար սահմանվում են մի շարք պարտականություններ։ Պաշտպանության նախարարությունը առողջապահության նախարարության հետ պետք է կազմակերպի զորակոչի նախապատրաստումը, քաղաքացիների առողջական վիճակի հետազոտությունն ու բժշկական փորձաքննությունը, ինչպես նաև զինված ուժերի համալրումը։
Առողջապահության նախարարությունը պետք է բժշկական հաստատություններին ապահովի անհրաժեշտ պատվաստանյութերով և հետազոտությունների համար պահանջվող նյութերով։ Արտաքին գործերի նախարարությունը պետք է տեղեկություններ տրամադրի արտերկրում հյուպատոսական հաշվառման կանգնած զորակոչի ենթակա քաղաքացիների մասին։
Ներքին գործերի նախարարությանը վերապահվում է զինվորական կոմիսարիատների և հանրապետական հավաքակայանի տարածքներում հասարակական կարգի պահպանումը, ինչպես նաև զորակոչից խուսափող քաղաքացիների որոնման և նրանց ներկայանալն ապահովելու աշխատանքները։ Նախատեսվում է նաև պարեկային ծառայության և ոստիկանության գվարդիայի ներգրավում՝ զորակոչիկների խմբերի անվտանգ ուղեկցման համար։
Past.am-ի փոխանցմամբ՝ զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով ՆԳՆ-ն և Ազգային անվտանգության ծառայությունը պետք է զորակոչի ընթացքում ուժեղացնեն վերահսկողությունը պետական սահմանի անցման կետերում։ Նախագծով նախատեսվում է նաև, որ պետական մարմինների և կազմակերպությունների ղեկավարները օրենքով սահմանված դեպքերում սահմանափակումներ կիրառեն զորակոչին չներկայացած կամ հետախուզման մեջ գտնվող քաղաքացիների նկատմամբ և նրանց գտնվելու վայրի մասին անհապաղ տեղեկացնեն իրավասու մարմիններին։
Քաղաքացիների առողջական վիճակի հետազոտության ուղեգրումը և կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից լրացուցիչ, ստուգիչ կամ հսկողական հետազոտությունների վերաբերյալ եզրակացությունների տրամադրումը պետք է ավարտվեն մինչև 2027 թվականի փետրվարի 8-ը ներառյալ։
Past.am-ը նշում է, որ այս պահին խոսքը հանրային քննարկման ներկայացված որոշման նախագծի մասին է։ Այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ ընդունվելու դեպքում։



