Միջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձի
ОБЩЕСТВОԵրևանում 20-ամյա երիտասարդին դանակահարել են․ 7 անձ է ձերբակալվել
Երևանում սեպտեմբերի 14-ին միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով 20-ամյա երիտասարդը կտրած-ծակած վերքերով տեղափոխվել է հիվանդանոց։ Տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է եղել։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Նրա տեղեկություններով՝ ժամը 10։00-ի սահմաններում «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել կրծքավանդակի և որովայնի հատվածներում կտրած-ծակած վերքեր ունեցող քաղաքացու։ Ոստիկանները պարզել են, որ տուժածը Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Արտակ Ա․-ն է։
Դեպքի առնչությամբ ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները Ալեք Մանուկյան փողոցից ձերբակալել և բաժին են տեղափոխել հինգ երիտասարդի՝ Երևանի բնակիչներ 19-ամյա Սարգիս Մ․-ին և 19-ամյա Հովհաննես Գ․-ին, ինչպես նաև Արմավիրի մարզի բնակիչներ 20-ամյա Կարեն Ֆ․-ին, 18-ամյա Ջիվան Տ․-ին և 18-ամյա Նարեկ Ղ․-ին։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արտակ Ա․-ին սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ հասցնելու և մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով որոնվող անձը Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Էդմոն Պ․-ն է։ Նրան հայտնաբերել են իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով և տեղափոխել ոստիկանության բաժին։
Past.am-ի փոխանցմամբ՝ ոստիկանություն է տեղափոխվել նաև Էդմոնի ուղևոր՝ Երևանի բնակիչ 20-ամյա Կոլյա Պ․-ն։ Վերջիններս ևս ձերբակալվել են մարմնական վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով։
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Past.am-ը կհետևի դեպքի հետագա զարգացումներին։



