Թուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման
ЛАЙФԱՄՆ դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 63-ամյա Դուեյն Դևիսին, որը մեղավոր է ճանաչվել ամերիկացի ռեփեր Թուփաք Շակուրի՝ 1996 թվականին տեղի ունեցած սպանությունը կազմակերպելու մեջ։ Դատավճիռը նախատեսում է պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորություն՝ նվազագույնը 40 տարի անց։ Այս մասին հայտնել է CNN-ը։
Դատավորը դատավճիռը հրապարակել է հոկտեմբերի 13-ին։ Ըստ դատավճռի՝ Դևիսը պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորություն կունենա 40 տարի բանտում անցկացնելուց հետո, սակայն ազատ արձակումը երաշխավորված չէ, և նա կարող է կյանքի մնացած մասն անցկացնել անազատության մեջ։ Նրա պատժաչափից կհանվեն կալանքի տակ արդեն իսկ անցկացրած 731 օրերը։ Ավելի վաղ՝ օգոստոսի 31-ին, երդվյալների ատենակալների կազմը, երեք ժամից պակաս տևած խորհրդակցությունից հետո, Դևիսին մեղավոր էր ճանաչել առաջին աստիճանի սպանության մեջ։
Ըստ մեղադրող կողմի՝ Դևիսը, որը «Southside Compton Crips» ավազակախմբի բարձրաստիճան անդամ է, կազմակերպել էր Շակուրի վրա հարձակումը՝ ի պատասխան Լաս Վեգասի «MGM Grand» հյուրանոցում ռեփերի շրջապատի և Դևիսի զարմիկի՝ Օռլանդո Անդերսոնի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի։ Մեղադրող կողմը չէր պնդում, թե Դևիսն անձամբ է կրակել երաժշտի վրա։ Շակուրը հրազենային վիրավորում էր ստացել՝ գտնվելով մեքենայի մեջ պրոդյուսեր Մերիոն Նայթի հետ, և մահացել վեց օր անց՝ 25 տարեկան հասակում։
Սպանությունը մնացել էր չբացահայտված գրեթե 30 տարի։ Հետաքննողներին այդպես էլ չէր հաջողվել հայտնաբերել ռեփերի վրա կրակելու համար օգտագործված զենքը, սակայն առանցքային ապացույց էին դարձել հենց Դևիսի խոստովանությունները։ Նա բազմիցս խոսել էր հանցագործությանը իր մասնակցության մասին հարցազրույցներում, վավերագրական ֆիլմերում և փոդքաստներում, ինչպես նաև 2019 թվականին հրատարակել էր հուշագրություն՝ մանրամասն ներկայացնելով իր վարկածը տեղի ունեցածի վերաբերյալ։ Դևիսը միակ անձն է, ում մեղադրանք է առաջադրվել Շակուրի սպանության գործով։



