Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհուն
ОБЩЕСТВОԲրազիլիայում սեփական տանը սպանվել են 26-ամյա քանթրի երգիչ Ալան Թոունսը և նրա 23-ամյա ընկերուհին։ Սպանության գլխավոր կասկածյալը զույգի նախկին հարևանն է։
Ողբերգությունը տեղի է ունեցել Դաշնային շրջանում՝ Սեյլանդիա թաղամասում։ Հոկտեմբերի 11-ի առավոտյան ոստիկանությունը ժամանել է զույգի տուն, որտեղ հայտնաբերվել են նրանց մարմինները՝ հրազենային վնասվածքներով։ Ականատեսների խոսքով՝ կրակոցները լսվել են գիշերը՝ մոտավորապես ժամը 2։30-ին։
Քննիչների նախնական վարկածով՝ հարձակման պատճառը կարող էր լինել վրեժը։ 22-ամյա կասկածյալը նախկինում բնակվել է զույգի հարևանությամբ և պարբերաբար վիճաբանել իր զուգընկերուհու հետ՝ նրա նկատմամբ նաև բռնություն գործադրելով։ Կինը դիմել էր ոստիկանություն, սակայն ավելի ուշ հրաժարվել էր հաղորդում ներկայացնելուց։
Ալանն ու նրա ընկերուհին բազմիցս միջամտել են այդ վեճերին՝ փորձելով պաշտպանել կնոջը։ Ի վերջո, տղամարդը ստիպված է եղել հեռանալ բնակարանից, ինչից հետո, ըստ քննիչների, սկսել է սպառնալ հարևաններին, այդ թվում՝ երաժշտին և նրա ընկերուհուն։
Հոկտեմբերի 10-ի երեկոյան Ալանը ելույթ է ունեցել տեղի բարերից մեկում՝ երգելով և կիթառ նվագելով։ Մի քանի ժամ անց զույգի տանը կրակոցներ են հնչել։ Հաջորդ օրը՝ ուշ երեկոյան, կասկածյալը փաստաբանի ուղեկցությամբ ներկայացել է ոստիկանություն։ Նա հերքել է սպանություններին մասնակցությունը, սակայն քննիչները նրա ցուցմունքներում հակասություններ են նկատել և ձերբակալել նրան։
Past.am-ի փոխանցմամբ՝ տղամարդը շարունակում է մնալ սպանության գլխավոր կասկածյալը։ Զույգի հարազատների խոսքով՝ նրանք կարծում էին, որ խնդիրը լուծված է, երբ տղամարդը տեղափոխվել էր, սակայն վախի պատճառով մի քանի օր տուն չէին վերադարձել։
Ալան Թոունսը երաժշտական կարիերա էր կառուցում և ելույթ էր ունենում 4 Tons խմբի հետ։ Նրա ընկերուհին հրուշակագործ էր և պատրաստվում էր ուսանել մանկավարժություն։ Զույգը միասին էր շուրջ մեկուկես տարի։
Past.am-ը կհետևի սպանության գործի հետագա զարգացումներին։



