Երևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպք
ОБЩЕСТВОՄայրաքաղաքի կարևորագույն տրանսպորտային հանգույցներից մեկը Երևանի մետրոպոլիտենն է։
Ամեն օր հազարավոր քաղաքացիներ են օգտվում տրանսպորտի այս տեսակից՝ քաղաքի մի կետից մյուսը հասնելու համար։
Ուղևորների անդադար հոսքի պայմաններում ՆԳՆ ոստիկանության առաջնահերթ խնդիրներից է հասարակական կարգի պահպանումն ու քաղաքացիների անվտանգության ապահովումը։
Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մետրոպոլիտենի բաժնի ծառայողները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում բոլոր կայարաններում՝ կանխելու իրավախախտումներն ու օրինազանց վարքագծի ցանկացած դրսևորում։
Ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքների ամփոփման ընթացքում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ի թիվս այլ հանձնարարականների, ընդգծել էր մետրոպոլիտենում հետևողական ուժեղացված ծառայության անհրաժեշտությունը։
«Երևանի մետրոպոլիտենը ոստիկանության պետական պահպանության ենթակա՝ կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտ է։
Ուժեղացված ծառայության շրջանակում ստուգումներ են իրականացվում կասկածելի վարքագիծ դրսևորող անձանց շրջանում։ Օրենքին հակասող յուրաքանչյուր դրսևորում ստանում է համապատասխան իրավական գնահատական, և սահմանված կարգով ընթացքավորվում»,- նշում է բաժնի պետ Արթուր Գրիգորյանը։
Կանխարգելիչ և վերահսկողական միջոցառումների արդյունքներն արտահայտվում են նաև թվերով։ Բաժնի ծառայողները հայտնաբերել են թմրանյութի պահման և իրացման, խուլիգանության, գույքը դիտավորյալ վնասելու, ինչպես նաև զենք-զինամթերքի ապօրինի պահման դեպքեր։ Հայտնաբերված առարկաների թվում եղել են կռփազենք, մարտական, օդաճնշիչ, մեկնարկային և այլ տեսակի զենքեր։
ՆԳ նախարարի հանձնարարականի կատարման արդյունքում աճել են բացահայտման ցուցանիշները։ Մասնավորապես, 2026 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է թմրամիջոցների հայտնաբերման 52 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 14 դեպքի դիմաց։ Զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքերի թիվը կազմել է 51՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 37-ի փոխարեն։
«Հանցագործությունների հայտնաբերման աճը պայմանավորված է մետրոպոլիտենի բոլոր կայարաններում ամենօրյա ստուգումներով»,- մանրամասնում է ՀՈԳՎ Մետրոպոլիտենի բաժնի պետի տեղակալ Գագիկ Հակոբյանը։
Հերթական բացահայտումը մեր նկարահանման ընթացքում էր։ Տղամարդու մոտ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով փաթեթ, գլանակ և դանակ։ Հայտնաբերված առարկաները ներկայացվել են հետագա ընթացքավորման։
Մետրոպոլիտենում իրականացվող վերահսկողական և կանխարգելիչ միջոցառումները շարունակական բնույթ են կրում։ Ուժեղացված ծառայության նպատակը մեկն է՝ ապահովել մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը, պահպանել հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը։



