«Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ»
ИНТЕРВЬЮ«Փաստ» օրաթերթը գրում է.
«Պետք է Բժշկական համալսարան ընդունվեի, բայց երկրաշարժը եղավ, նաև հայրիկիս էին վիրահատել, որոշեցի, որ ժամանակավորապես կարի գործարանում կաշխատեմ։ Սարգիսի մորաքրոջ հետ էի աշխատում գործարանում։ Սարգիսի քույրն էլ աշխատել էր իմ հորեղբոր աղջկա հետ։ Մեզ կոլեկտիվով հրավիրեցին իրենց տուն՝ փոքրիկ ունենալու առիթով։ Ինչպես ասում են, իմ ոտքով գնացի իրենց տուն։ Ինձ տեսան, հավանեցին, իսկ հետո եկան ձեռքս խնդրելու։ Անկեղծ լինեմ՝ ես էլ, հայրիկս էլ չէինք համաձայնում, բայց մայրիկս համոզեց հայրիկիս, և այդպես 1989 թվականին ընտանիք կազմեցինք, իսկ մեկ տարի անց լույս աշխարհ եկավ մեր առաջնեկը։ Երկու աղջիկ ունենք և ութ թոռ, բայց նրանցից վեցին է տեսել Սարգիսը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգիսի կինը՝ տիկին Նարինեն։ Սարգիսն ու Նարինեն ծնունդով Գյումրիից են, այդտեղ է անցել նրանց ողջ կյանքը, և անգամ երկրաշարժը նրանց չի «ստիպել» լքել հայրենի քաղաքը։ «Տնակում էինք ապրում, այն շատ էր սիրում։ Պատերազմ մեկնելիս, երևի կանխազգալով, որ չի վերադառնալու, ինձ այնքան ուղղորդող բաներ ասաց։ Օրինակ. «Եթե տուն էլ հատկացնեն, տնակս չքանդես, սա հայրական օջախ է»»։
Ամուսնու մասին խոսելիս տիկին Նարինեն նշում է՝ նա անսահման բարի էր։ «Մաքուր էր ու ազնիվ, երեխայասեր։ Մեր ամբողջ թաղամասի երեխաներն իրեն սիրում էին։ Աշխատանքից վերադառնում էի, տեսնում՝ տանը անթիվ երեխաներ, բոլորին կոնֆետ էր հյուրասիրում։ Հիմա էլ իրեն հիշում են և շատ ափսոսանքով խոսում իր մասին։ Ի դեպ, սկեսրայրս պատմել է, որ Սարգիսին մանկության տարիներին էլ շատ են սիրել։ Շատ աշխույժ երեխա է եղել։ Հաճախ էին ասում, որ Սարգիսը Աստծո պարգև է։ Սկեսուրս երազ է տեսել, որ տղա է ունենալու, և սուրբն իրեն ասել է՝ Հովհաննես կանվանակոչեք։ Բայց սկեսրայրս իր հայրիկի անունով է կոչել՝ Սարգիս, այն մտքով, որ էլի սրբի անունով է կոչում իր տղային։ Ամուսինս տարբեր ժամանակահատվածներում շատ փորձանքների է հանդիպել, նաև Կամչատկայում ծառայելու ժամանակ։ Բայց Աստված իրեն միշտ պահել է։ Այս անգամ էլ Աստված իրեն ուղղություն տվեց, բայց նա ո՛չ Աստծուն լսեց, ո՛չ ինձ։ Իր սրտի ձայնով առաջնորդվեց»։
Սարգիսը երկրապահ կամավորական էր, մասնակցել էր Արցախյան առաջին, Ապրիլ յան պատերազմներին։ «Այդ օրերին շատ զինվորների է օգնել։ Շատերի ծնողները մեր տուն են եկել, շնորհակալություն հայտնել»։
Նրա վերջին մարտերը 44-օրյա պատերազմի ժամանակ էին։ «Պատերազմը սկսվելուց հետո երեք անգամ գնաց Երևան զենք ստանալու, բայց հետ եկավ։ Ես իրեն այդ օրերին խնդրում էի՝ Սարգի՛ս ջան, մի գնա, տունս մի քանդի, Աստված քեզ ուղղություն տվեց, հետ ուղարկեց։ Նրա արձագանքն էր. «Ես սրբի տված եմ, Աստված ինձ կպահի»: 2020 թվականի հոկտեմբերի 10-ին հիսնամյակս էր։ Նշեցինք այդ օրը, ամեն ինչ իր ձեռքով պատրաստեց, կարծես զգար՝ դա վերջին օրն է, որ տանն է։ Հիմա մտածում եմ՝ ամեն ինչ զգում էր։ Այդ օրը Երևանից եկել էր, խնդրեցի, որ էլ ոչ մի տեղ չգնա, խոստացավ, որ տանն է մնալու։ Բայց հեռուստացույցով ամեն օր տեսնում էր զոհված տղաների լուսանկարները և, առանց չափազանցնելու, լաց էր լինում բոլորի համար։ Իր ղեկավար Յուրա Ալեքսանյանը զանգահարել, կանչել էր։ Հոկտեմբերի 11-ի առավոտյան աշխատանքի էի գնում, տեսա, որ հագնվում է։ Հարցրեցի՝ ո՞ւր ես գնում, ինձ մենակ ես թողնում։ Բարկացավ. «Հասկանո՞ւմ ես, որ մեր 20 տարեկան երեխեքը զոհվում են։ Մի թուրք էլ որ խփեմ, մի 20 տարեկան երեխու վրեժ կլուծեմ»։ Դա էր իմ խնդրանքին իր պատասխանը. «Իմ ուժը քոնն է, իմ հոգին տունը պահպանելու է, ես քո պահապանն եմ, չմտածես»»։
Հոկտեմբերի 17-ի երեկոյան է Սարգիսն անմահացել Ջրականում ԱԹՍ հարվածից՝ բեկորային վիրավորումից։ «Այդ օրն առավոտյան ութն անց կես խոսել եմ իր հետ։ Իրեն խնդրեցի՝ Սաքո՛ ջան, խնդրում եմ, տուն արի, ինձ անտեր չթողնես։ Իսկ Սարգիսս ասում էր. «Վիճակը լավ չի, բայց գիտես, թե ինչ ենք անում թշնամու հետ»։ Շատ հայրենասեր, ուժեղ, կամային, չնահանջող մարդ էր։ Իր հրամանատարը մեր տուն էր եկել, ամեն ինչ նա պատմեց։ Իրենց խմբում երեսուն հոգի է եղել, նրանցից հինգ վիրավորվել են, հինգը՝ զոհվել։ Նրանցից մեկը Սարգիսս էր։ ԱԹՍ-ի հարվածների ժամանակ ամեն մեկը մի ուղղությամբ է շարժվել, Սարգիսը տղաներից մեկի հետ խրամատի մեջ է պատսպարվել։ Այդ տղան տեղում մահացել է, Սարգիսս՝ վիրավորվել։ Տղաներն իրեն դուրս են բերել, բայց ընկերոջ՝ Արմենի ձեռքերի վրա նա մահացել է։ Վերջին խոսքերն են եղել՝ ընտանիքս... Արմենն ասում է՝ հագուստիս վրա ամբողջովին Սարգիսի արյունն էր»։
Հոկտեմբերի 20-ին Սարգիսը տանն էր։ Կինն ասում է՝ ես կարողացա նրան հրաժեշտ տալ. «Նույնիսկ դա էր ասել. «Եթե զոհվեմ, ինձ ուրիշ տեղ չտանեք, իմ տանից կճանապարհեք»։ Ամեն ինչ իր ասածով արեցի»։
Ապրելու ուժի մասին։ «Իրենից հետո շատ փորձությունների միջով անցա։ Ընկճվածության պահեր էլ են եղել, բայց իր խոսքերից ուժ եմ ստացել։ Աղջիկս էլ է նույնն ասում ամեն անգամ, երբ ինչ-որ բանից նեղվում եմ. «Մա՛մ, հիշիր, թե պապան քեզ ինչեր է ասել»։ Թոռնիկներս այնքան կարոտով են հիշում իրենց պապիկին, անգամ այն թոռնուհիս, որ չի տեսել նրան։ Գնում ենք Սարգիսիս մոտ, խոսում է պապիկի հետ։ Հետաքրքիր է, որ պապիկին չտեսնելով՝ այդքան մեծ կապվածություն ունի նրա հետ։ Պապիկն էլ իր թոռնիկներին էր շատ սիրում և անհամբեր սպասում էր նաև մյուս թոռների լույս աշխարհ գալուն»։
Հ. Գ. Սարգիս Օխոյանը Ապրիլ յան պատերազմից հետո պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» մեդալով։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է «Շիրակ» պանթեոնում։
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



