Սահմանային վերահսկողությունը կփոխվի․ Հայաստանը միանում է միջազգային համակարգին
ОБЩЕСТВОՀայաստանը նախատեսում է միանալ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության՝ էլեկտրոնային մեքենայաընթեռնելի ճանապարհորդական փաստաթղթերի բաց բանալիների դիրեկտորիային։ Համապատասխան փոխըմբռնման հուշագրի վավերացման մասին օրինագիծը հոկտեմբերի 15-ին հաստատվել է ՀՀ կառավարության նիստում։
Բաց բանալիների դիրեկտորիան միջազգային ենթակառուցվածք է, որի հիմնական նպատակը էլեկտրոնային անձնագրերում և ճանապարհորդական այլ փաստաթղթերում թվային ստորագրությունների ստուգումն ու դրանց իսկության հաստատումն է։
Համակարգը կենտրոնացված հարթակ է, որտեղ պետությունները տեղադրում են իրենց կողմից տրամադրված էլեկտրոնային անձնագրերի բաց բանալիները։ Դրա միջոցով այլ պետությունները սահմանային վերահսկողության ժամանակ կարողանում են ստուգել՝ արդյոք անձնագիրը իսկապես տրվել է այն պետության կողմից, որը նշված է փաստաթղթում։
Past.am-ի փոխանցմամբ՝ համակարգին միանալու հիմնական նպատակներն են էլեկտրոնային անձնագրերի անվտանգության բարձրացումը, սահմանային վերահսկողության գործընթացների պարզեցումը, կեղծ փաստաթղթերի օգտագործման ռիսկերի նվազեցումը և պետությունների միջև տվյալների հուսալի փոխանակման ապահովումը։
Ներկայումս համակարգին միացել է 111 պետություն։ Դրա շնորհիվ սահմանային վերահսկողության մարմինները կարող են ավտոմատ և հուսալի եղանակով ստուգել համակարգին միացած երկրների էլեկտրոնային անձնագրերը՝ առանց յուրաքանչյուր պետության հետ առանձին տեխնիկական կապ հաստատելու անհրաժեշտության։
Համակարգին միանալը կարող է նպաստել նաև Հայաստանի սահմանային անվտանգության ամրապնդմանը և վերահսկողության արդյունավետության բարձրացմանը։
Past.am-ը կհետևի օրինագծի հետագա ընթացքին և Հայաստանի՝ միջազգային համակարգին միանալու գործընթացին։



