Կենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա Կոստանյան
БЛОГԱյսօր առավոտյան կառավարության շենքի մոտ, #COP17 համաժողովի մեկնարկին ընդառաջ, բողոքի ակցիա իրականացրեցինք և հայտարարություն-նամակ փոխանցեցինք Շվեյցարիայի հյուպատոսություն՝ մեր պահանջների վերաբերյալ։
Խոսքս ուղղում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչներին և այս օրերին Հայաստան ժամանող միջազգային պատվիրակությունների անդամներին,
Մենք այստեղ բարձրաձայնում ենք մի պարզ, սկզբունքային ճշմարտություն․ չկա բնության պահպանություն՝ առանց մարդու իրավունքների պաշտպանության, չկա արդարություն՝ առանց պատասխանատվության, և չկա արժանահավատ միջազգային համագործակցություն՝ առանց արժեքների նկատմամբ հավատարմության։
Հայաստանն այս օրերին հյուրընկալում է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովը, և մենք հիմա այստեղ հարց ունենք Հայաստանի ներկայիս կառավարությանը և միջազգային հանրությանը․ ի՞նչ արժեք ունեն բնության պահպանության մասին ձեր քայլերն ու հայտարարությունները, երբ մարդիկ զրկված են իրենց հայրենիքում ապրելու իրավունքից, երբ սահմանին զինվորներ են զոհվում, երբ պետությունը չի կարողանում ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունն ու արժանապատիվ կյանքը։
Ադրբեջանը զենքի ուժով օկուպացրել է Արցախը, իսկ Արցախի բնիկ հայ ժողովուրդը բռնի տեղահանվել է իր պատմական հայրենիքից և զրկված է իր բնության, հողի, ջրի, պատմական միջավայրի և իր նախնիների ժառանգության հետ ապրելու հնարավորությունից։ Եվ մենք այսօր պիտի լսենք բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության մասին գեղեցիկ ելույթնե՞ր՝ առանց Արցախի ժողովրդի անվտանգ ու արժանապատիվ վերադարձի իրավունքի իրական պաշտպանության։
Ի՞նչ է նշանակում պաշտպանել կենսաբազմազանությունը, երբ անտեսվում է այն մարդու իրավունքը, որն այդ բնության անբաժանելի մասն է։
Ի՞նչ է նշանակում խոսել խաղաղության մասին, երբ այսօր Բաքվում հայ գերիներ են ապօրինի պահվում և դատվում, իսկ նրանց ազատ արձակման հարցը շարունակում է մնալ չլուծված` դառնալով աշխարհաքաղաքական առևտրի թեմա։
Ի՞նչ է նշանակում մեծ-մեծ հայտարարություններ անել բնապահպանական պատասխանատվության մասին, երբ Հայաստանում Ամուլսարի և այլ հանքարդյունաբերական ծրագրերի բնապահպանական ռիսկերը, ջրային պաշարների պաշտպանությունն ու հանրային մտահոգությունները կոպիտ ձևով ոտնահարվում են և շարունակում մնալ անպատասխան։
Եվ ի՞նչ արժեք ունեն մարդու իրավունքների մասին ձեր բոլորի խոսքերը, երբ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ, խոսքի ազատության և արդարադատության անկախության վերաբերյալ արատավոր պրակտիկաներ:
Եթե պետությունը չի կարողանում պաշտպանել մարդու կյանքը, հայրենիքը և հիմնարար իրավունքները, ապա բնության պաշտպանության մասին նրա միջազգային հանձնառությունները կորցնում են իրենց բարոյական արժանահավատությունը։
Միջազգային համաժողովները չպետք է վերածվեն ինքնանպատակ ժամանցի կամ սոսկ դիվանագիտական լուսանկարների և գեղեցիկ հայտարարությունների հերթական առիթի: Եթե քաղաքացիների հարկերից միլիոնավոր դրամներ են ծախսվում նման միջոցառումների վրա, հանրությունն իրավունք ունի պահանջելու տեսանելի քայլեր և իրական պատասխանատվություն, այլ ոչ թե դրա իմիտացիա։
Միջազգային պատվիրակությունների ներկայացուցիչներին դիմում ենք ոչ թե հերթական հայտարարությունն ուղղելու, այլ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ ակնկալիքով։
ՄԻ՛ ՇՐՋԱՆՑԵՔ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը, հայ գերիների ազատ արձակման հրատապությունը, Հայաստանի բնապահպանական լրջագույն խնդիրներն ու մարդու իրավունքների մասսայական ոտնահարումները։
Հայաստանի օրվա իշխանությունն օրհասական խնդիրները լուծելու փոխարեն զբաղված է Ձեզ մոտ կեղծ հոգատարության և աշխատանքի իմիտացիա ստեղծելով։
Մենք չենք լռելու և աչք չենք փակելու այսպիսի երկակի ստանդարտների վրա։ Շարունակելու ենք բարձրաձայնել այնքան, մինչև մեր ձայնը լսելի դառնա միջազգային ողջ հանրությանը, այն կառույցներին, որոնք մարդու իրավունքների պաշտպանության հանձնառություն ունեն, բայց այսօր ամենակոպիտ ձևով ոտնահարում և անտեսում են դրանք։ Դադարեք գեղեցիկ բառերով քողարկել Ձեր այս արատավոր գործելակերպը։ Դադարեք մարդկանց մոլորեցնել՝ փորձելով իրականությունը ծածկելով սուտ քարոզչությամբ։
Ճշմարտությունը հնարավոր չէ հավերժ քողարկել, մի օր առերեսվելու եք դառը իրականությանը և ստիպված եք լինելու հաշվի նստել օրենքի իսկական գերակայության և պահանջատեր հասարակության բարկության հետ։
Բնությունը ցուցադրության առարկա չէ։ Մարդու իրավունքներն էլ ընտրովի արժեք չեն։ Իսկ արդարությունը՝ դիվանագիտական հարմարության հարց չէ։
Կենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք ՄԱՐԴՈՒՆ, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը։ Հակառակ պարագայում միջազգային ոչ մի համաժողով ԼԵԳԻՏԻՄ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников



