Փեզեշքիանը՝ Հայաստան այցի արդյունքների մասին․ Երևանն ու Թեհրանը կքննարկեն ռազմավարական փաստաթուղթը
МЕЖДУНАРОДНОЕԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ներկայացրել է Հայաստան կատարած այցի արդյունքները՝ նշելով, որ Երևանն ու Թեհրանը պայմանավորվել են քննարկել երկկողմ ռազմավարական փաստաթղթի մշակման հարցը և ընդլայնել տարածաշրջանային համագործակցությունը։
Ինչպես հայտնում է Pars Today-ը, Փեզեշքիանը Հայաստան կատարած այցից հետո նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների հարաբերություններն ու առաջիկա ծրագրերը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու երկրների փորձագետները մասնագիտական հանդիպումներ անցկացնեն՝ ռազմավարական փաստաթղթի մշակման համար անհրաժեշտ հիմքեր ստեղծելու նպատակով։
Իրանի նախագահը կարևորել է նաև տնտեսական և տարանցիկ հաղորդակցությունների զարգացումը։ Նրա խոսքով՝ տարածաշրջանի աշխարհագրական հնարավորությունների օգտագործումը՝ Եվրոպան, Պարսից ծոցը, Աֆղանստանն ու Հնդկաստանը կապող երթուղիների միջոցով, կարող է նպաստել տնտեսական փոխանակումների ընդլայնմանն ու մշակութային և քաղաքական կապերի ամրապնդմանը։
Փեզեշքիանն ընդգծել է նաև Իրանի, Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության ընդլայնման կարևորությունը՝ նշելով, որ հարևան երկրների հետ կապերի զարգացումը կարող է նպաստել փոխադարձ շահերի ապահովմանն ու կառուցողական հարաբերությունների ամրապնդմանը։



