ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն
ЭКОНОМИКАՖորումն անցկացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ և երկրում շահագրգիռ կողմերի երկխոսության համար ամենաներկայացուցչական հարթակն է։ Այն առաջին հերթին կապող օղակ է կառավարության և ընդերքօգտագործողների միջև, թեև մասնակիցների թվում են նաև սպասարկող ընկերություններ, մատակարարներ ու լաբորատորիաներ։ Քանի որ ոլորտի գրեթե բոլոր ներկայացուցիչներն այս կամ այն չափով ընդգրկված են միջոցառմանը, դրա նշանակությունը դժվար է գերագնահատել։ «Mining Armenia Forum 2026»-ի ընթացքում լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 17-ին այս մասին նշել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։
«Շատ երկար ժամանակ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը մնացել էր անտեսված։
Միայն վերջին հինգից ութ տարիներին ենք սկսել զգալ, որ կառավարությունն ու պետությունը արմատապես փոխել են իրենց վերաբերմունքը։ Մեր ձայնը վերջապես լսելի է դարձել։
Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը հենց հանքարդյունաբերությունն է, և այդպիսին էլ այն մնալու է նաև ապագայում։ Ոլորտի ներուժը թերագնահատված է, ու դեռ բազմաթիվ խնդիրներ կան լուծելու, որպեսզի այն ամբողջությամբ իրացվի։
Ֆորումի ընթացքում հնչեցին թվեր, ըստ որոնց՝ մուլտիպլիկատիվ էֆեկտը հաշվի առնելով, 2027 թվականին ոլորտը կկազմի ՀՆԱ-ի 10-11%-ը։ Սա բավականին մեծ ցուցանիշ է, և մենք պատրաստ ենք է՛լ ավելի ավելացնել այդ ծավալները»։
Խուդոլին ընդգծել է երկրաբանության կարևորությունը՝ նշելով, որ առանց որոնողական երկրաբանության և հանքահումքային բազայի վերարտադրության հետագա զարգացումն ուղղակի անհնար է։
«Սա ամեն ինչի հիմքն է, սակայն այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է արմատապես փոխել որոնողական լիցենզիաների նկատմամբ վերաբերմունքը և ընդունել նոր օրենքներ։ Բացի օրենսդրական փոփոխություններից՝ պահանջվում են որոշակի երաշխիքներ ու ներդրողների հետ աշխատանքի նոր մոտեցում։ Բնապահպանական ու կայուն զարգացման հարցերը չեն կարող առանձնացվել. սա համալիր խնդիր է, որը պետք է լուծվի միայն համակարգված ձևով։
Ֆորումում նման լայն մասնակցությունը կարևոր է հենց նրանով, որ տարբեր ոլորտների մասնագետները լսեն միմյանց, ինչն էլ հիմք կդնի առաջընթացին»,- եզրափակել է նա։
Նշենք, որ Mining Armenia Forum 2026-ի համակազմակերպիչներն են «Հանքարդյունաբերական ֆորում» զարգացման հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության ու մետալուրգիայի ասոցիացիան։ Երրորդ անգամ անցկացվող ֆորումի ռազմավարական հովանավորներն են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և «Lydian Armenia» ընկերությունը, իսկ գլխավոր հովանավորները՝ Ամերիաբանկը և «Թեղուտ» ՓԲԸ-ն։



