Ծառուկյանն ու Հարությունյանը՝ RAF-ի լավագույնների հնգյակում
СПОРТԱզատ ոճի ըմբշամարտի «Real American Freestyle» (RAF Wrestling) պրոֆեսիոնալ լիգան հրապարակել է լավագույն մարզիկների իր առաջին վարկանիշային աղյուսակները՝ անկախ քաշային կարգից (pound-for-pound)։ Երկու ցուցակներում ուժեղագույն լավագույն հնգյակ են ընդգրկվել Հայաստանի ներկայացուցիչներ Արման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը։
Հրապարակված վարկանիշները բաժանված են երկու կատեգորիայի՝ ազատ ոճի պրոֆեսիոնալ ըմբիշներ և այլ մարտարվեստների մարզիկներ (crossover)։
UFC մարտիկ Արման Ծառուկյանը զբաղեցրել է երրորդ տեղը «Men's Crossover Pound-for-Pound» վարկանիշային աղյուսակում, որտեղ ներկայացված են հայտնի մարզիկներ, ովքեր հանդես են գալիս նաև խառը մարտարվեստներում։ Առաջին հորիզոնականը զբաղեցրել է UFC-ի նախկին ժամանակավոր չեմպիոն Քոլբի Քովինգթոնը, իսկ երկրորդը՝ UFC-ի երկու քաշային կարգերի նախկին չեմպիոն և ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Հենրի Սեխուդոն։
Ծառուկյանը տեղավորվել է UFC-ի այնպիսի հայտնի մարտիկներից բարձր, ինչպիսիք են Խամզատ Չիմաևը և Մերաբ Դվալիշվիլին, ովքեր զբաղեցրել են համապատասխանաբար չորրորդ և հինգերորդ տեղերը։ Տասնյակում ընդգրկվել են նաև Աարոն Պիկոն, Թայրան Վուդլին, Մայքլ Չենդլերը, Լենս Փալմերը և Քեյդեն Հենշելը։
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը զբաղեցրել է հինգերորդ տեղը «Men's Pound-for-Pound» հիմնական վարկանիշային աղյուսակում, որտեղ ընդգրկվել են պրոֆեսիոնալ ըմբիշներն՝ անկախ քաշային կարգից։
Վարկանիշային աղյուսակի առաջատարն է դարձել օլիմպիական չեմպիոն և աշխարհի բազմակի չեմպիոն, ամերիկացի Քայլ Սնայդերը։ Նրան հաջորդում են իր հայրենակիցներ Քայլ Դեյքը, Դեվիդ Քարը և Ջեյսոն Նոլֆը։ Հայ ըմբիշը շրջանցել է այնպիսի հայտնի մրցակիցների, ինչպիսիք են Ահմեդ Թաժուդինովը և Աբդուլռաշիդ Սադուլաևը, ովքեր զբաղեցրել են համապատասխանաբար յոթերորդ և ութերորդ տեղերը։
Բացի այդ, Հարությունյանը հանդիսանում է RAF-ի գործող չեմպիոն ամենաթեթև քաշային կարգում։ Նրա հաշվին կա երեք հաղթանակ երեք մարտում (3–0)։
Այսպիսով, Հայաստանի միանգամից երկու ներկայացուցիչ ընդգրկվել են RAF Wrestling-ի առաջին վարկանիշային աղյուսակների լավագույն մարզիկների հնգյակում՝ ընդ որում տարբեր կատեգորիաներում։



