Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ընտրվելու համար կառաջադրվի Կարեն Առուստամյանի թեկնածությունը
ПОЛИТИКАԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 20-ի հերթական նիստում քննարկել է Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Կարեն Վասիլիի Առուստամյանի թեկնածությունը քննարկելու և Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու մասին հարցը՝ համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի:
Թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։
Կարեն Առուստամյանը 2020 թվականի դեկտեմբերի 29-ին ԱԺ որոշմամբ ընտրվել էր Հաշվեքննիչ պալատի անդամ։
Ելույթ ունենալով՝ Կարեն Առուստամյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը վստահության և իր թեկնածությունն առաջադրելու համար։ Նա անդրադարձել է իր աշխատանքային ուղուն, նշել նաև իր պատկերացումներն ու մոտեցումները հետագա աշխատանքում, եթե ընտրվի վերոնշյալ պաշտոնում։
«Ինձ համար կարևոր է եղել, որ Ազգային ժողովը ստանա արժանահավատ և օգտակար գնահատական, թե որքանով են հանրային միջոցները կառավարվել օրինականության և արդյունավետության սկզբունքներին համապատասխան, ինչ արդյունքներ են ձեռք բերվել։ Հետևողական եմ եղել, որ եզրակացությունները հիմնվեն բավարար և վստահելի ապացույցների վրա»,- անդրադառնալով խորհրդարանի հետ համագործակցությանը՝ ասել է թեկնածուն։
Կարեն Առուստամյանը վստահեցրել է՝ ընտրվելու դեպքում իր պատասխանատվության շրջանակում հատկապես կենտրոնանալու է հաշվեքննությունների որակի, Հաշվեքննիչ պալատի ներքին գործընթացների բարելավման և առաջարկների կատարման հետհսկողության զարգացման վրա։
Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին։
Հանձնաժողովի օրակարգում էր նաև Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Տարոն Սիրակի Վարազդատյանի թեկնածությունը քննարկելու և Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու մասին հարցը։
Տարոն Վարազդատյանի կենսագրական տվյալներն ու աշխատանքային ուղին ներկայացրել է խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Իր ելույթում Տարոն Վարազդատյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությանն այս պատասխանատու պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար։
Թեկնածուն անդրադարձել է իր աշխատանքային ուղուն ու փորձառությանը, խոսել նաև հասարակական գործունեությունից։ «Կուտակած մեծ փորձս, աշխատանքային ներուժս, մասնագիտական նվիրվածությունս, մասնագիտական էթիկայի ստանդարտներն անշեղորեն պահպանելու իմ անսակարկելի սկզբունքները, մասնագիտական կասկածամտությունը, անաչառությունն ու անկողմնակալությունն այն նվազագույն երաշխիքներն են, որոնք շարունակելու են օժանդակել ինձ՝ Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ընտրվելու դեպքում պատասխանատու հանձնառությամբ առաքելությունս իրականացնելու պատվաբեր ճանապարհին»,- ասել է նա։
Տարոն Վարազդատյանը պատասխանել է պատգամավորների հարցերին։
Քվեարկության արդյունքում Կարեն Առուստամյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 4 պատգամավոր, դեմ ձայներ չեն եղել։ Տարոն Վարազդատյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 2 պատգամավոր, դեմ՝ 3։
Այսպիսով՝ Ազգային ժողովի քննարկմանը կներկայացվի Կարեն Առուստամյանի թեկնածությունը։



