Ողբերգական դեպք՝ Վայոց ձորում, 3 ամսական աղջնակ է կյանքից հեռացել
ОБЩЕСТВОՀոկտեմբերի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում․ մահացել է 3 ամսական աղջնակ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17։30-ի սահմաններում «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժին։ Հայտնվել է, որ բժշկական կենտրոն է տեղափոխվել երեխա՝ «կլինիկական մահ» ախտորոշմամբ։
Բժիշկները հայտնել են, որ երեխան Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի բնակավայրերից մեկից է տեղափոխվել բուժհաստատություն, որտեղ էլ արձանագրվել է նրա կենսաբանական մահը։
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը 3 ամսական աղջնակ է։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության (հանկարծամահության) հատկանիշներով։
Արտաքին զննությամբ երեխայի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
Past.am-ը կհետևի դեպքի առնչությամբ պաշտոնական տեղեկությունների և քննության արդյունքների հրապարակմանը։



