Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ
ОБЩЕСТВОԱրարատի մարզում տեղի ունեցած ինքնահրկիզման դեպքից օրեր անց՝ Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է 40-ամյա Մհեր Գ.-ն։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ լրատվամիջոցի՝ տղամարդը բժշկական կենտրոն էր տեղափոխվել Արարատի մարզի ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի տարածքից, որտեղ կատարել է ինքնահրկիզում, ինչից հետո նրան «ջերմային սուբտոտալ այրվածք 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի, մարմնի մակերեսի մոտավորապես 90 % այրվածք, ինհալացիոն վնասվածք և այրվածքային շոկ» ախտորոշմամբ տեղափոխել են հիվանդանոց։
«Դեպքի վայր էին մեկնել Ոստիկանության Արարատի մարզային քրեական վարչության ծառայողները, որտեղ Արարատի մարզի բնակիչ 55-ամյա Լուսինե Թ.-ն հայտնել է, որ այդ օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, իր աղջիկը իր մանկահասակ երեխայի հետ զբոսնելիս է եղել շենքի բակում, որտեղ աղջկան է մոտեցել Մհեր Գ.-ն, ով նրա նախկին ամուսինն է, և ցանկացել է գրկել երեխային, սակայն երեխան նրա մոտ չի գնացել, դրանից հետո Մհեր Գ.-ն փորձել է ուժով երեխային գրկել ու տանել իր հետ, իսկ երեխայի մայրը խոչընդոտել է։ Այդ ժամանակ Մհեր Գ․-ն հայտնել է, որ ինքն իրեն կայրի, իսկ որոշ ժամանակ անց բենզինով ինքնահրկիզում է արել»,- նշել է լրատվամիջոցը։
Auroranews.am-ը կապ է հաստատել ՀՀ ներքին գործերի նախարարության հետ, որտեղից հաստատել են, որ նման դեպք տեղի է ունեցել։
Դեպքի առնչությամբ Auroranews.am-ը պարզաբանում է ստացել նաև ՀՀ քննչական կոմիտեից։
Քննչական կոմիտեից հայտնել են․ «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 3-րդ մատով(սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անձին ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը)։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Կատարվում է նախաքննություն»,- Auroranews.am-ին հայտնել են գերատեսչությունից։



