80-ամյա թոշակառուն կուլ է տվել պրոթեզները
ОБЩЕСТВОՎլադիվոստոկում բժիշկները բարդ միջամտությամբ հեռացրել են 80-ամյա տղամարդու պատահաբար կուլ տված շարժական ատամնաշարը։ Այս մասին հայտնել է Պրիմորիեի երկրամասի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Տղամարդը հիվանդանոց է դիմել որովայնի վերին հատվածում ուժեղ ցավերի գանգատով։ Պարզվել է, որ նա ատամնաշարը կուլ էր տվել մոտ մեկ շաբաթ առաջ, սակայն անմիջապես բժշկական օգնության չէր դիմել։
«Թոշակառուն այս ամբողջ ընթացքում դիմացել է՝ հույս ունենալով, որ իր ստամոքսն ինքնուրույն կհաղթահարի դա։ Սակայն իրավիճակը չի բարելավվել»,- հայտնել են գերատեսչությունից։
Հետազոտության ժամանակ բժիշկները պարզել են, որ ատամնաշարի սուր եզրերը վնասել են կերակրափողի լորձաթաղանթը։ Առկա է եղել կերակրափողի պատի պատռման կամ անցքի առաջացման վտանգ։
Բժիշկներին հաջողվել է էնդոսկոպիկ եղանակով հեռացնել ատամնաշարը հատուկ աքցանի օգնությամբ՝ խուսափելով լրացուցիչ վնասվածքներից։
Միջամտությունը հաջող է անցել։ Տղամարդն իրեն լավ է զգում և արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։
Past.am-ը հիշեցնում է՝ օտար մարմին կուլ տալու դեպքում պետք չէ սպասել, որ այն անպայման ինքնուրույն դուրս կգա․ հատկապես սուր եզրերով առարկաների դեպքում անհրաժեշտ է հնարավորինս արագ դիմել բժշկական օգնության։



