Մեկնարկել է ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցը
ОБЩЕСТВОՀոկտեմբերի 26-ին մեկնարկել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցը։
Մրցութային կարգով ընտրված՝ ՀՀ տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետների ուսանողները հյուրընկալվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ ծանոթանալու ՄԻՊ հաստատության գործունեության սկզբունքներին և լիազորություններին, տեղեկացնում է Պաշտպանի գրասենյակը։
«Ողջունելով ապագա իրավաբաններին՝ Պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորել է նրանց դպրոցի կազմում ընդգրկվելու առթիվ և նշել, որ սա լավ հնարավորություն է ոլորտային գիտելիքները խորացնելու, մասնագիտական էթիկայի բնագավառում հմտություններ ձեռք բերելու, մասնագիտական ու մարդկային կապեր ձևավորելու տեսանկյունից։
«Հարգելի՛ ուսանողներ, Աշնանային դպրոցի սիրելի՛ մասնակիցներ, անձամբ իմ և գործընկերների համար չափազանց կարևոր է, որպեսզի համատեղ կարողանանք բավարար արդյունքներ գրանցել այս ծրագրի իրականացման ճանապարհին: Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների, այդ թվում՝ ՀՀ ՄԻՊ հաստատության համար, կարևոր դերակատարություն ունի ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության, այլև մարդու իրավունքների խթանման գործառույթը, որը, այդ թվում՝ իրացվում է մարդու իրավունքների կրթության միջոցով: Վստահ եմ, այս հարթակը ևս կծառայի այդ նպատակին՝ նպաստելով նաև ոլորտային այն հարցերի համատեղ բացահայտմանը, որոնք ունեն կատարելագործման կարիք»,- ասել է Պաշտպանը։
Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են իրենց ղեկավարած ստորաբաժանումների գործառույթներն ու գործունեության հիմնական ուղղությունները։
Քննարկվել են նաև Աշնանային դպրոցի շրջանակում նախատեսվող հետագա անելիքները», ասված է հաղորդագրության մեջ։



