Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում․ իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները
ПОЛИТИКАՓողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում․ իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները
Ազգային ժողովի դահլիճը հերթական անգամ վերածվեց փողոցային թասիբի ու ձեռնամարտի թատերաբեմի, որտեղ իշխող վարչախումբը, դեմ առնելով քաղաքական պատին, ցուցադրեց իր ամբողջական սնանկությունը։ Երբ չկան փաստարկներ, երբ երկրի համար ճակատագրական հարցերին բովանդակային պատասխան տալու քաղաքական ուղեղը սպառված է, իշխանական թևն անցնում է իրեն հարազատ ու փորձված զբաղմունքին՝ բացահայտ սադրանքին, անձնական վիրավորանքներին ու դահլիճային «ռազբորկաներին»։
Պատճառը պարզ է ու ակնհայտ․ իշխանությունն այնքան քվե չունի, որ կարողանա միայնակ առաջ տանել իր միակողմանի զիջումների պրոցեսը, իսկ ընդդիմությունը կտրուկ ու անհողդողդ մերժում է ազգային ու պետական հարցերում որևէ «սակարկություն»։ TRIPP-ի շուրջ անհասկանալի ու վտանգավոր շտապողականությունը, Խաղաղության պայմանագրից առաջ միակողմանի զիջումները, Ալիևի առաջադրած պահանջներով Սահմանադրություն փոխելու հակառակորդի օրակարգն առաջ մղելը. ահա այն կենսական հարցերը, որոնց առջև ընդդիմությունը կանգնեցրել է իշխանությանը։
Հասկանալով, որ ընդդիմությունից անգամ մեկ մանդատ «պոկել» անհնար է, և Ալիևի պարտադրված Սահմանադրության տարբերակը պարզապես չի անցնելու, ՔՊ-ականների նյարդերը տեղի են տվել։ Չկարողանալով հասնել իրենց ուզածին՝ անցել են բացահայտ սադրանքների։ Իրենց տարբեր «խոսափողների» ու կադրերի միջոցով ուղղակի կրքեր են հրահրում, դահլիճը վերածում մարտադաշտի, որպեսզի հանրության միտքը զբաղեցնեն էժանագին «շոուներով» ու այդ աղմուկի տակ փորձեն հերթական մանիպուլյացիաներով փրկել իրենց օրհասական իրավիճակը։
Եվ այս ամենի ֆոնին՝ իշխանական «էլիտայի» արձագանքը պարզապես տրագիկոմեդիա է։ Նիկոլ Փաշինյանն ու նրա տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, մոռանալով պետական այրի կերպարն ու երկրի ծանրագույն վիճակը, սոցցանցերում «ով ում հասցրեց հարվածել» մակարդակի դպրոցական կծմծոցներով ու ֆիզիկական ուժի շուրջ սարկաստիկ մեկնաբանություններով են փորձում ինքնահաստատվել։ Սա միայն ծիծաղելի չէ, սա ողբերգական է․ երկրի ղեկավարն ու ԱԺ փոխխոսնակը սոցցանցային էժանագին փոխհրաձգությամբ են տոնում իրենց պատգամավորների սադրիչ «հաջողությունները»։ Մարդիկ, որոնք արդեն ամիսներ շարունակ հանրության նյարդերն են սղոցում անհոդաբաշխ հայտարարություններով ու զիջումների շարանով, հանկարծ զարմանում են, որ լկտիությունն ու բացահայտ սադրանքը ստանում են արժանի պատասխան․ ինչպես արձանագրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը․ «ովքեր ամբիոններից ուղղակի մեր նյարդերը սղոցում էին, կերան, բերնին կերան ու լավ կերան»։
Այս ամենը ևս մեկ անգամ ի ցույց է դնում այն դրամատիկ իրականությունը, որում հայտնվել է երկիրը․ իշխող վարչախումբը սպառել է իրեն թե՛ բարոյապես, թե՛ քաղաքականապես։ Երբ պետության առջև ծառացած են գոյաբանական սպառնալիքներ, երկրի թիվ մեկ քաղաքական մարմինը ղեկավարողները զբաղված են էժանագին «շոուներով» ու փողոցային մակարդակի սադրանքներով։ Բայց որքան էլ փորձեն աղմուկի, բռունցքների ու սոցցանցային ծաղրի տակ թաքցնել սեփական անօգնականությունը, միևնույն է՝ հանրության աչքից ոչինչ չի վրիպում։ Քաղաքական սնանկությունը ծածկել անհնար է․ երբ չկա միտք ու ծրագիր, մնում է միայն սադրանքը, իսկ դրա ավարտը միշտ լինում է նույնը՝ քաղաքական ջախջախիչ վախճան։
Կարդացեք @oratert



