69-ամյա տատիկը փորձել է փրկել թոռնուհուն, բայց մահացել է
ОБЩЕСТВОԻսպանիայի Մենորկա կղզու Կավալերիա լողափում ողբերգական միջադեպ է տեղի ունեցել բրիտանական ընտանիքի հետ։ Արձակուրդի վերջին օրը 69-ամյա կինը մահացել է՝ փորձելով փրկել թոռնուհուն։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Միջադեպի պահին 10-ամյա աղջիկը փչովի ներքնակով ծովում է եղել, երբ քամին նրան քշել է դեպի ժայռոտ ծովախորշը։ Նկատելով վտանգը՝ երեխային օգնության են շտապել տատիկն ու պապիկը, ինչպես նաև մայրը։ Նրանք անմիջապես նետվել են ջուրը՝ աղջկան ափ վերադարձնելու համար։
Փրկարարական գործողության ընթացքում 69-ամյա կինը հայտնվել է ջրի տակ։ Չնայած ընտանիքի անդամների ջանքերին՝ նրան փրկել չի հաջողվել։ Կնոջ ամուսինն է նրան դուրս բերել ջրից, սակայն այդ պահին նա արդեն անշնչացած է եղել։
Դեպքի վայր ժամանած բժիշկները փորձել են օգնություն ցուցաբերել, սակայն ստիպված են եղել արձանագրել կնոջ մահը։ Աղջկան, բարեբախտաբար, հաջողվել է փրկել։
Դեպքի մանրամասների մասին հայտնում է Past.am-ը՝ հղում անելով բրիտանական լրատվամիջոցին։



