Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին
СПОРТՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Իսպանիայի Լա լիգայի 2026/2027 մրցաշրջանի 11-րդ տուրի՝ «Ռասինգի» դեմ խաղում (3-0) իր թիմի դարպասին նշանակված, ապա չեղարկված 11-մետրանոցի մասին՝ գնահատելով նաև տրիբունաներում գտնվող երկրպագուների արձագանքը։
Հանդիպումը կայացել էր Սանտանդերի «Կամպոս դե Սպորտ դե Էլ Սարդիներո» մարզադաշտում, որի գլխավոր մրցավրն էր Խոսե Մունուերա Մոնտերոն։
«Իմ կարծիքով՝ նրանք բողոքում են ցանկացած առիթով։ Ինձ շատ են դուր գալիս այս մարզադաշտն ու տեղացի երկրպագուները․ նրանք առանձնահատուկ բնավորություն ունեն, խաղի ընթացքն ապրելու իրենց յուրահատուկ ձևը։ Նրանք չեն գալիս պարզապես ներկայացում դիտելու, ինչպես կինոյում․ նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու, հենց հանդիպման մի մասը լինելու համար և շատ բարդ պայմաններ են ստեղծում մրցակից թիմի համար։ Բայց մի նրբերանգ կա․ մարդիկ ամբողջ հոգով են երկրպագում, սակայն նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները։ Եվ, անկեղծ ասած, կանոններն այնքան հաճախ են փոխվում, որ երկրպագուները պարզապես չեն հասկանում դրանք։
Չուամենիի մասնակցությամբ դրվագում 11-մետրանոց լինել չէր կարող, քանի որ գնդակն անդրադարձով էր եկել․ դա պարզապես 11-մետրանոց չէ։ Երբ մրցավարը նշանակեց հարվածը, ես պահպանում էի հանգստությունս, իսկ էկրանին կրկնապատկերը տեսնելով՝ հասկացա․ եթե VAR-ն աշխատի այնպես, ինչպես հարկն է, ապա 11-մետրանոց չպետք է լինի։ Ինձ համար ակնհայտ է, որ խախտում չկար»,- Ժոզե Մոուրինյուի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ խաղի 72-րդ րոպեին, երբ հաշիվը 3-0 էր հօգուտ մադրիդցիների, տուգանային հրապարակում գնդակը դիպել էր Օրելյեն Չուամենիի պարզած ձեռքին։ Գլխավոր մրցավարը նշանակել էր 11-մետրանոց, սակայն VAR համակարգով դրվագը դիտելուց հետո չեղարկել էր որոշումը։ «Ռասինգի» երկրպագուները խիստ բացասական էին արձագանքել այս քայլին՝ դժգոհության նշանով խաղադաշտ նետելով կողմնակի առարկաներ։



