Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»
ЭКОНОМИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի թիվ 201-Լ որոշման մեջ։ Նախագծի ընդունումը պայմանավորված է ընթացիկ տարվա խաղողի մթերումների գործընթացում առաջացած խնդիրները լուծելու անհրաժեշտությամբ։
Թիվ 201-Լ որոշմամբ հաստատված «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով» սահմանված է, որ խաղողի մթերումների նպատակով տրամադրվող վարկի չափը հաշվարկվում է այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչև տվյալ տարվա օգոստոսի մեկը, մինչդեռ այս տարվա խաղողի մթերումների ընթացքը ցույց է տալիս, որ մեծ թվով խաղողագործներ, այդ թվում՝ Վայոց ձորի մարզի խաղողագործների գերակշռող մեծամասնությունը չունեն բերքի մթերման պայմանագրեր։ Մթերող տնտեսվարողները պատրաստակամ են այդ խաղողագործների հետ կնքելու բերքի մթերման պայմանագրեր և մթերել լրացուցիչ քանակությամբ խաղող, սակայն ձեռք բերված խաղողի արժեքը վճարելու համար ցանկանում են ծրագրի շրջանակներում ներգրավել լրացուցիչ վարկային միջոցներ։ Վայոց ձորի մարզում արտադրված Արենի տեսակի մոտ 2000 տոննա խաղողի մթերման խնդիրը հնարվոր է լուծել այն կոնյակի սպիրտի արտադրության համար մթերելու միջոցով, իսկ կոնյակի սպիրտի արտադրության նպատակով այս պահին խաղողի մթերման ձևավորված գինը կազմում է մոտ 135 դրամ։
Առաջարկվող փոփոխության համաձայն, խաղողի մթերումների նպատակով 2026 թվականին տրամադրվող վարկի չափը կհաշվարկվի այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչև 2026 թվականի նոյեմբերի 15-ը։ Նախագծի ընդունման արդյունքում կլուծվի ընթացիկ տարվա խաղողի մթերումների գործընթացում, այդ թվում՝ Վայոց ձորի մարզում առաջացած խնդիրը և կմթերվի մթերման ենթակա խաղողի ամբողջ բերքը։
Լրացուցիչ վարկերի ներգրավման չափը գնահատվում է մոտ 270 մլն դրամ, որը ծրագրի գծով էական պարտավորություններ չի առաջացնի, և դրանք կկատարվեն էկոնոմիկայի նախարարության 2027 թվականի բյուջեով և 2027-2029 թվականների ՄԺԾԾ-ով հաշվարկված գումարների շրջանակներում։
Ներգրավվող վարկի չափը հաշվարկվել է այն նկատառումից ելնելով, որ Վայոց ձորի մարզում առկա մթերման համար խնդրահարույց մոտ 2000 տոննա Արենի տեսակի խաղողի մթերման համար տնտեսվարողները կներգրավեն մոտ 270 մլն դրամ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



