Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին
ПОЛИТИКАՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դատական կարգադրիչներին թույլատրել է տեղեկություններ հավաքել ԱՊՀ երկրներում Ռուսաստանի քաղաքացիների աշխատանքային գործունեության, բանկային հաշիվների և եկամուտների մասին։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ի մոսկովյան բյուրոն, Պուտինը ստորագրել է համաձայնագրի վավերացման մասին օրենքը, որը Ռուսաստանի Դատական կարգադրիչների դաշնային ծառայությանը հնարավորություն է տալիս այլ պետությունների դատական կատարողներից տեղեկություններ պահանջել Ռուսաստանի քաղաքացիների վերաբերյալ։
Նշենք, որ համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի մայիսին Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Բելառուսի, Ուզբեկստանի և Ղազախստանի կողմից։
Համաձայնագիրը նախատեսում է տեղեկատվության փոխանակում աշխատանքային գործունեության, գույքի, բանկային հաշիվների, տրանսպորտային միջոցների, ընկերություններում բաժնեմասերի և այլ ակտիվների վերաբերյալ։
Միևնույն ժամանակ, Բելառուսը համաձայնել է տրամադրել միայն բանկային հաշիվների առկայության մասին տեղեկություններ՝ առանց բացահայտելու դրանց համարները և հաշիվներում առկա գումարների չափերը։
Ուզբեկստանը հայտարարել է, որ չի պատասխանի արտադատական մարմինների և նոտարների որոշումների հիման վրա ուղարկված հարցումներին։
Ղազախստանն իր հերթին բանկային տեղեկատվության փոխանցումը սահմանափակել է ազգային օրենսդրության դրույթներով։



