Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով
МЕЖДУНАРОДНОЕՀինգշաբթի եվրոպական ավիաընկերությունների ավելի քան 10 չվերթ բախվել է անվտանգության սպառնալիքների։ Անանուն հաղորդագրությունների, այդ թվում՝ էլեկտրոնային նամակներով ստացված ականապատման ահազանգերի պատճառով ինքնաթիռների մեծ մասը հարկադիր կամ չնախատեսված վայրէջք է կատարել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Մասնավորապես, Դուբլինից Հռոմ մեկնող Aer Lingus -ի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ֆրանսիայի Նորմանդիա շրջանի ռազմական ավիաբազայում, իսկ Միլանից Վարշավա թռչող Wizz Air-ի օդանավը՝ Վիեննայում։
Անվտանգության սպառնալիքներ են գրանցվել նաև Բուլղարիայում, Բելգիայում, Ֆինլանդիայում և Չեխիայում իրականացվող չվերթների ընթացքում։
Իրավապահ մարմինների և ավիաընկերությունների տվյալներով՝ բոլոր ինքնաթիռներն անվտանգ վայրէջք են կատարել։
Հիշեցնենք, որ ամսի 3-ին նույնպես Եվրոպայում մեկ օրվա ընթացքում հինգ ինքնաթիռ ականապատման մասին սպառնալիքներ էր ստացել։ Reuters-ի փոխանցմամբ՝ միջադեպերի հետևանքով որոշ ինքնաթիռներ հարկադիր վայրէջք էին կատարել, իսկ մյուսները՝ անվտանգության ստուգումներ անցել։ Դեպքերի հնարավոր փոխկապակցվածության մասին տեղեկություններ չկային։



