ԱՄՆ ռազմածովային ուժերի «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիրը Մերձավոր Արևելք կժամանի նոյեմբերի կեսերին
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկյան ավիակրային հարվածային խումբը՝ USS Theodore Roosevelt ատոմային ավիակրի գլխավորությամբ, Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) պատասխանատվության գոտի կժամանի նոյեմբերի կեսերից ոչ շուտ, հայտնել է Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին։
Նրա տվյալներով՝ հինգշաբթի ավիակիրը պետք է այցելի Սինգապուր, որտեղ կմնա մի քանի օր։
Ինչպես հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով արբանյակային լուսանկարներին, չորս նավից բաղկացած խումբը ներկայում գտնվում է Հարավչինական ծովում։
ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի լրատվական ծառայության տվյալներով՝ խմբի կազմում, բացի ավիակրից, ընդգրկված են USS Chosin հրթիռային հածանավը, երկու էսկադրային ականակիր՝ USS Paul Hamilton-ը և USS Decatur-ը, ինչպես նաև Seahawk միջին չափի անանձնակազմ նավը (MUSV), որը նախատեսված է ռադիոէլեկտրոնային հետախուզության, վերջրյա և ստորջրյա իրադրության դիտարկման ու վաղ նախազգուշացման խնդիրների կատարման համար։
Ինստիտուտի տվյալներով՝ Արաբական ծովի շրջանում՝ Իրանից հարավ-արևելք, այժմ մարտական հերթապահություն են իրականացնում ամերիկյան երկու ավիակրային հարվածային խմբեր՝ USS George Washington և USS George Bush ավիակիրների գլխավորությամբ։ Դրանցից յուրաքանչյուրի վրա տեղակայված է 48 կործանիչ։ Ավիակիրների հետ միասին Իրանի մերձակայքում տեղակայված են մեկ հածանավ և 11 հրթիռային էսկադրային ականակիր, ինչպես նաև USS Miguel Keith ծովային էքսպեդիցիոն բազան։
ԱՄՆ ռազմածովային ուժերի ևս երկու էսկադրային ականակիր գտնվում են Կարմիր ծովում, ևս երկուսը՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածում։
Մինչ այդ CENTCOM-ի պատասխանատվության գոտին լքել է ամֆիբիական-դեսանտային խումբը, որի կազմում են ավիակիր ունիվերսալ դեսանտային USS Boxer նավը, դեսանտային ուղղաթիռակիր-դոկ USS Portland նավը և դեսանտային տրանսպորտային դոկ-նավ USS Comstock-ը, որոնց վրա տեղակայված է ծովային հետևակի 11-րդ էքսպեդիցիոն գումարտակը։ Նավերի ջոկատն արդեն գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ Շրի Լանկա կղզուց արևելք։
Նրան փոխարինելու համար Մերձավոր Արևելքի շրջան պետք է ժամանի ամֆիբիական-դեսանտային խումբը՝ USS Makin Island ունիվերսալ դեսանտային նավի գլխավորությամբ։



