Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին
ОБЩЕСТВОԱյսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 35-ամյա Յաշա Ա․-ն իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորակում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին քաղաքացիները իրենց անձնական ավտոմեքենայով տեղափոխել են «Թալին» բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի և վաշտի հրամանատար Արտակ Խուդավերդյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ռաֆայել Գալստյանը և Տարոն Հակոբյանը։
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտակ Պետրոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը աշխատում է «Թալին» բժշկական կենտրոնում որպես բժիշկ։



