The Telegraph. Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել Ելիսեյան պալատի գրոհի դեպքում
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզի արվարձանում գաղտնի բունկեր ունի, որտեղ կարող է տեղափոխվել զանգվածային անկարգությունների և Ելիսեյան պալատի գրոհի դեպքում։ Այս մասին ասվում է լրագրողներ Պիեռ Գաստինոյի, Անտուան Իզամբարի և Ֆրանկ Ռենոյի հեղինակած La Nouvelle Armée des Ombres («Ստվերների նոր բանակը») հետաքննական գրքում։
Հեղինակների տվյալներով, նախագահի տարհանման ծրագրերը սկսել են մշակել, մասնավորապես, 2018 թվականին «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերից հետո։ Այդ ժամանակ Մակրոնը Լե Պյուի ան Վելե քաղաք կատարած այցի ընթացքում բախվել էր զայրացած ցուցարարների հետ։ «Կառավարությունը երերաց»,— հիշում է հեղինակներից մեկը France Inter ռադիոկայանին տված հարցազրույցում։
Ինչպես գրում է The Telegraph-ը՝ հղում անելով գրքին, ֆրանսիական հատուկ ծառայությունները պատրաստվում են 2027 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում հնարավոր անկարգությունների, դիվերսիաների, կիբեռհարձակումների և նույնիսկ զինված ապստամբության։
Լրագրողների զրուցակիցների գնահատմամբ, աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի հաղթանակը կարող է փողոցային բողոքի նոր ալիք առաջացնել ձախ արմատականների, արվարձանների երիտասարդների և գյուղական բնակավայրերի ակտիվիստների շրջանում, որոնք չեն ճանաչի քվեարկության արդյունքները։ Իսկ ձախակողմյան քաղաքական գործիչ Ժան Լյուկ Մելանշոնի հաղթանակի դեպքում, ընդհակառակը, մտավախություն կա, որ ոստիկանությունը պասիվ դիմադրություն կցուցաբերի։
Ինչպես պնդում են հեղինակները, Փարիզի ոստիկանապետ Պատրիս Ֆորը բազմիցս խորհրդակցություններ է անցկացրել հնարավոր ապստամբությանը պատրաստվելու հարցով։ Ֆրանսիայի արտաքին հետախուզությունը մոդելավորել է ընտրություններին միջամտության սցենարներ, իսկ մայրաքաղաքի ոստիկանությունը, նախապատրաստվելով լայնածավալ կիբեռհարձակման հնարավորությանը, մեկ օր շարունակ փորձարկել է աշխատանքն առանց գաղտնագրված սմարթֆոնների։
Գրքում նկարագրվում են նաև ֆրանսիական և բելգիական անվտանգության ծառայությունների ու եվրոպական սահմանապահ Frontex գործակալության մասնակցությամբ զորավարժություններ։ Սցենարներից մեկում մոդելավորվել են Ալժիրում միջուկային վթարի հետևանքները, միգրանտների զանգվածային հոսքը դեպի Եվրոպա և ռուսաստանյան ստվերային նավատորմի գործողությունների հետ կապված կիբեռհարձակումները։
Բացի այդ, ֆրանսիական հատուկ նշանակության ուժերն ուսումնասիրել են զինված խռովության դեպքում խորհրդարանը պաշտպանելու հնարավորությունը։ Հեղինակները հայտնում են նաև, որ հատուկ ծառայությունները հետաքրքրված են սառը պատերազմի տարիների ընդհատակյա դիմադրության ցանցերի առանձին տարրերի վերականգնմամբ։ Այդ ցանցերը ֆինանսավորվում էին գաղտնի հիմնադրամների միջոցով։
Միաժամանակ հատուկ նշանակության ստորաբաժանման նախկին հրամանատարը զգուշացրել է երկրի ներսում անկարգությունները ճնշելու համար բանակն օգտագործելու վտանգի մասին։ Նրա կարծիքով, գլխավոր վտանգն այն է, որ իշխանությունը կարող է վարժվել սեփական բնակչության դեմ ռազմական ուժ կիրառելուն։



