«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը
ОБЩЕСТВОՆոյեմբերի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։ Ծայրահեղ ծանր վիճակում այնտեղ է տեղափոխվել 2.5 տարեկան տղա երեխա, որի կյանքը հնարավոր է եղել փրկել երկու բժշկական կենտրոնների մասնագետների համատեղ ջանքերով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներն ահազանգով մեկնել են Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքի բնակավայրերից մեկը։ Այնտեղ անգիտակից վիճակում հայտնաբերել են 2.5 տարեկան Ռոբերտ Ե․-ին։
Ըստ տեղեկությունների՝ երեխան ընկել է կեղտոտ ջրով լցված հորը և ջրահեղձ եղել։ Վաղարշապատի շտապօգնության բժիշկներին հաջողվել է վերականգնել երեխայի սրտի աշխատանքը, որից հետո նրան տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Այնտեղ բժիշկների կատարած միջամտության արդյունքում երեխայի վիճակը կայունացել է։
Երեխայի հարազատները ֆոտոլրագրողի հետ զրույցում շնորհակալություն են հայտնել երկու բժշկական կենտրոնների անձնակազմերին՝ երեխայի կյանքը փրկելու համար։ Նրանք նշել են, որ հարազատները ժամանակին նկատել են դեպքը և երեխային դուրս բերել հորից, սակայն ինքնուրույն ոչինչ անել չեն կարողացել։ Շտապօգնության արագ ժամանումն ու բժիշկների միջամտությունը վճռորոշ են եղել։
Հարազատների խոսքով՝ այս պահին երեխայի կյանքին այլևս վտանգ չի սպառնում, սակայն նա դեռ մի քանի օր կմնա «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության ներքո։
Դեպքի վերաբերյալ տեղեկությունը փոխանցվել է ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Փաստաթղթեր են կազմվել և ուղարկվել Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
Դեպքի մանրամասները ներկայացնում է նաև Past.am-ը։



