Պուտինը եւ Ասադը քննարկել են սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերը. Կրեմլ
МЕЖДУНАРОДНОЕՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
«Քննարկվել են սիրիական ճգնաժամի տարբեր ասպեկտներ 2016 թվականի փետրվարի 27-ից Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի եւ Ամերիկայի՝ որպես Սիրիայի աջակցման միջազգային խմբի համանախագահների, հայտարարության իրականացման խնդիրների լույսի ներքո»,-նշել են Կրեմլում:
«Ասադը հիշատակված հայտարարության մեջ տեղ գտած առաջարկությունները գնահատել Է որպես քաղաքական կարգավորման ուղղությամբ արված կարեւոր քայլ, հաստատել Է, մասնավորապես, զինադադարի հաստատմանն աջակցելու Սիրիայի կառավարության պատրաստակամությունը»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Միեւնույն ժամանակ Պուտինը եւ Ասադն ընդգծել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան ցուցակում ներառված ԻՊ-ի, «Ջեբհաթ ան Նուսրա»-ի եւ ահաբեկչական մյուս խմբավորումների դեմ անզիջում պայքարը շարունակելու կարեւորությունը, ընդգծել են Կրեմլում:
Փետրվարի 22-ի երեկոյան ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասված է, որ Սիրիայում հրադադարի ռեժիմն ուժի մեջ կմտնի Դամասկոսի ժամանակով փետրվարի 27-ի 00:00 ժամից: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ զինադադարի պայմանները տարածվում են հակամարտության բոլոր կողմերի վրա, բացառությամբ «Իսլամական պետություն» եւ «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների, ինչպես նաեւ ահաբեկչական այլ կազմակերպությունների, որոնք այդպիսիք են ճանաչված Անվտանգության խորհրդի կողմից:



