Կալանավայրում մահացել է Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը
ОБЩЕСТВОԿալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ մահվան պատճառը սրտամկանի ինֆարկտն է։ Այս մասին հայտնել է Makaryannews-ը․ «Մեր տեղեկություններով` Գևորգյանի մոտ սրտի կաթված է եղել և նա հանկարծամահ է եղել»,- գրել էր լրատվականը։
Հիշեցնենք, որ Արսեն Գևորգյանը կալանավորվել էր հոկտեմբերի 21-ին՝ ընտրակաշառքի գործով։ Մահվան և դրա պատճառի վերաբերյալ պաշտոնական հաստատում այս պահին դեռևս չկա։
Հավելենք, որ ՀՀ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը Auroranews-ին հայտնել է, որ նոյեմբերի 10-ին՝ ժամը 07։55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող, 1980թ․ ծնված կալանավորված անձի համար կանչվել է շտապօգնություն ինքնազգացողության վատթարացման պատճառով։ Ժամը 08։30-ի սահմաններում շտապօգնության անձանակազմի կողմից արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը։
Հիշեցնենք՝ Ստեփանավանը միակ համայնքն էր, որտեղ առաջադրված էր գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ը։ 2609 քվե ստացած ուժի առաջին համարի թեկնածու Արսեն Գևորգյանն ընտրություններից 4 օր առաջ ընտրակաշառքի գործով կալանավորվել էր։
Հոկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի գրասենյակում անցկացված խուզարկությունների արդյունքում 14 անձ է ձերբակալվել։ Հաջորդ օրը ՀՀ հակակոռոպցիոն կոմիտեն հայտնեց, որ նրանցից 10-ի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել կալանքն ու տնային կալանքը։ Կալանավորվածների թվում է Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։



