Մոսկվայում մեկնարկում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը․ օրակարգում նաև Հայաստանի հարցն է
ПОЛИТИКАՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Մոսկվայում կանցկացնի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։
Գագաթնաժողովի հիմնական թեմաներն են ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության համակարգի կատարելագործումը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրները։ Օրակարգում կարող է ընդգրկվել նաև կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի հարցը։ Գագաթնաժողովից առաջ ազդակներ են հնչել, որ անդամավճարների պարտքի պատճառով Երևանը կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից։ Գրում է Interfax-ը։
Նիստի ընթացքում մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարները կամփոփեն Ռուսաստանի նախագահության շրջանում համատեղ կատարված աշխատանքները և կսահմանեն կազմակերպության հետագա զարգացման առաջնահերթությունները։
Նախօրեին Պուտինը հայտարարել է, որ միջազգային շարունակվող լարվածության պայմաններում ՀԱՊԿ անդամ երկրներին կարևոր է շարունակել ամրապնդել կազմակերպության ներուժը և համակարգել ջանքերը՝ առկա խնդիրները լուծելու համար։
Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նիստում նախատեսվում է ընդունել Ռուսաստանի նախաձեռնությամբ մշակված՝ մինչև 2030 թվականը ՀԱՊԿ անդամ պետությունների հակաահաբեկչական ռազմավարությունը։
«Ռազմական համագործակցության համատեքստում կարևոր նշանակություն կունենան ՀԱՊԿ հակաօդային պաշտպանության համակարգի կատարելագործման և հավաքական ավիացիոն ուժերի զարգացման վերաբերյալ որոշումները», – նշել են Կրեմլում։
Նիստի արդյունքներով նախատեսվում է ստորագրել մի շարք փաստաթղթեր։ Դրանցից առանցքայինը կլինի Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը, ինչպես նաև նոր հակաահաբեկչական ռազմավարությունը։
Գագաթնաժողովում նախատեսվում է նաև որոշում ընդունել 2027 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ-ում նախագահությունը Ռուսաստանից Տաջիկստանին փոխանցելու մասին։ Ակնկալվում է, որ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը կներկայացնի իր երկրի նախագահության առաջնահերթությունները։
Նիստին առաջին անգամ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կարգավիճակով կմասնակցի Ղրղզստանի ներկայացուցիչ Տաալաթբեկ Մասադիկովը։ Որպես հյուրեր հրավիրվել են ԱՊՀ և ՇՀԿ գլխավոր քարտուղարներ Սերգեյ Լեբեդևն ու Նուրլան Երմեկբաևը։
Հավաքական անվտանգության խորհրդի օրակարգի հարցերից մեկը կարող է լինել Հայաստանի հետ կապված իրավիճակը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ում չէին բացառել, որ կազմակերպության բյուջեին չվճարված անդամավճարների պատճառով Երևանը կարող է ժամանակավորապես զրկվել ՀԱՊԿ խորհրդում ձայնի իրավունքից՝ մինչև պարտքի ամբողջական մարումը։
Գագաթնաժողովից առաջ ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ղեկավարներն ու անվտանգության խորհուրդների քարտուղարներն արդեն քննարկել են այդ հարցը և որոշման նախագիծը ներկայացրել Հավաքական անվտանգության խորհրդի քննարկմանը։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, սակայն, ընդգծել է, որ նույնիսկ այդ որոշման ընդունումից հետո Երևանը կպահպանի միավորման անդամի բոլոր հիմնական իրավունքները։
«Եթե ցանկանում են, որ մենք վտարենք Հայաստանին ՀԱՊԿ-ից, մենք այդպես չենք վարվի», – հայտարարել է Լավրովը։ Նա նաև հիշեցրել է, որ Երևանից կազմակերպությունից դուրս գալու պաշտոնական դիմում չի ստացվել, իսկ ՀԱՊԿ-ի անօգտակար լինելու մասին Հայաստանի ղեկավարության հայտարարությունները, նրա խոսքով, փաստաթղթերով ամրագրված չեն։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ՀԱՊԿ գագաթնաժողովի օրը գտնվելու է Թուրքիայում՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովին մասնակցելու նպատակով, ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ կապված այլևս շահեր չունի։
«ՀԱՊԿ-ի հետ կապված մեր շահերն սպառված են, մենք այլևս ՀԱՊԿ-ի հետ կապված շահեր չունենք», – ասել էր Փաշինյանը։



