Հրաժարական՝ Թուրքիայում ֆոնդային սկանդալի ֆոնին
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայում շարունակվող ֆոնդային հետաքննության շրջանակում, որն առնչվում է բաժնետոմսերի գների արհեստական բարձրացմանն ու կասկածելի ֆինանսական հոսքերին, կալանավորվել են մի շարք անձինք։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այս ֆոնին հրաժարական է տվել Թուրքիայի Բանկային կարգավորման և վերահսկողության գործակալության (BDDK) նախագահ Շահափ Քավջըօղլուն։ Նա հայտարարել է, որ վերջին օրերին իր և կառույցի հասցեին հնչած մեղադրանքների պատճառով դիմել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ պաշտոնից ազատվելու խնդրանքով՝ կառույցի հեղինակության հետագա վնասումը կանխելու նպատակով։
Քավջըօղլուն, որը նախկինում ղեկավարել է նաև Թուրքիայի Կենտրոնական բանկը, հրաժարականից առաջ հերքել էր ֆոնդային սկանդալի հետ իր և ընտանիքի անդամների որևէ կապը։
Հիշեցնենք, որ հետաքննության շրջանակում արդեն ձերբակալվել և կալանավորվել են տասնյակ գործարարներ ու ֆինանսական ոլորտի ներկայացուցիչներ։ Գործով անցնում են նաև նախկին նախարար և իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցության փոխնախագահ Ֆաթմա Բեթուլ Սայան Քայան ու նրա ամուսինը, ինչպես նաև Թուրքիայի նախագահի նախկին գլխավոր խորհրդական Էրթան Այդընը։



