16 աշակերտ հոսպիտալացվել է թխվածքաբլիթներում առկա մարտկոցների պատճառով
ОБЩЕСТВОԳերմանիայի Կոսվիգ քաղաքում 16 աշակերտ հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ դպրոցական միջոցառման ժամանակ մատուցված թխվածքաբլիթների մեջ կոճակային մարտկոցներ են հայտնաբերվել։ Այս մասին հաղորդում է Bild-ը՝ հղում անելով Վիտենբերգի շրջանի վարչակազմին։
Դպրոցի դահլիճում կազմակերպված միջոցառման համար բերվել էին տնային պայմաններում պատրաստված փոքրիկ կեքսեր։ Ավելի ուշ պարզվել է, որ դրանց մեջ մարտկոցներ են եղել։
Դեպքի վայր են ժամանել շտապօգնության 35 աշխատակիցներ, այդ թվում՝ բժիշկ։ Երեխաներից մեկը հոսպիտալացվել է շտապօգնության մեքենայով, իսկ մյուս 15-ին հիվանդանոց են տեղափոխել ծնողները։
Past.am-ի փոխանցմամբ՝ դեպքի առնչությամբ ոստիկանությունը հետաքննություն է սկսել։ Իրավապահների տվյալներով՝ մնացած կեքսերի մեջ հայտնաբերվել է ևս երկու կոճակային մարտկոց։ Թե ինչպես են դրանք հայտնվել թխվածքների մեջ, դեռևս հայտնի չէ։
Աշակերտների առողջական վիճակի վերաբերյալ այս պահին տեղեկություններ չեն հաղորդվում։



