ԱՄՆ-ում համազգային տագնապ է․ երկրի բոլոր օդանավակայաններից դադարեցվել են թռիչքները
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ում կապի համակարգերի խափանման պատճառով ամբողջ երկրի տարածքում ինքնաթիռների թռիչքների նկատմամբ սահմանված արգելքի ֆոնին ավելի քան 10,3 հազար ավիաչվերթ հետաձգվել է, իսկ ավելի քան 1,4 հազարը՝ չեղարկվել։ Այս մասին են վկայում ավիաչվերթներին հետևող մասնագիտացված հարթակի տվյալները։
ԱՄՆ-ի պատմության մեջ նման համազգային արգելք սահմանվում է ընդամենը երրորդ անգամ՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից և 2023 թվականի հունվարին օդանավերի անձնակազմերի ծանուցման համակարգի խափանումից հետո։
Կապի լայնածավալ խափանման պատճառով ԱՄՆ-ի օդանավակայաններում թռիչքների նկատմամբ սահմանված համազգային արգելքն ազդել է ավելի քան 1,5 միլիոն ավիաուղևորի և շուրջ 11 հազար պլանավորված չվերթի վրա։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ավիացիոն ոլորտի վերլուծական ընկերության մամուլի ծառայությունից։
ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը հայտարարել է արտակարգ հանգամանքներով և անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ երկրի բոլոր օդանավակայաններից օդանավերի թռիչքների համազգային դադարեցման մասին։ Միևնույն ժամանակ, ժամանող միջազգային չվերթները կսպասարկվեն անհատական կարգով։
Սահմանափակումներն ուժի մեջ են մտել ԱՄՆ-ի արևելյան ժամանակով ժամը 15։53-ին ( Հայաստանի ժամանակով ժամը 00։53-ին, ) և նախնական հաշվարկներով կգործեն մինչև ժամը 23։00–23։30-ը ( Հայաստանի ժամանակով ժամը 08։00–08։30-ը)։
Հավելենք՝ թարմացված տվյալներով, ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը վերացրել է կապի համակարգերի լայնածավալ խափանման պատճառով երկրի բոլոր օդանավակայաններից ինքնաթիռների թռիչքների նկատմամբ սահմանված արգելքը։ Այնուամենայնիվ, ավիահաղորդակցությունը դեռ ամբողջությամբ չի վերականգնվել։ Ավիաընկերությունները շարունակում են բախվել չվերթների զանգվածային ուշացումների և չեղարկումների։



