Զինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնություն
ОБЩЕСТВОՀայաստանում նախատեսվում է փոփոխություններ կատարել «Հանրային ծառայության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքներում՝ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերված մասնագիտական և գործնական փորձառության հաշվառման նպատակով։
Iravaban.net–ը ուսումնասիրել է ՀՀ արդարադատության նախարարության մշակած և հանրային քննարկման ներկայացված օրինագծերի փաթեթի հիմնավորումը, որով առաջարկվում է սահմանել զինվորական ծառայության ընթացքում որոշ պաշտոններ զբաղեցնելու ժամանակահատվածը մասնագիտական, տվյալ բնագավառի կամ հանրային ծառայության ստաժում ներառելու կարգավորումներ։
Ինչո՞վ է պայմանավորված նոր կարգավորման անհրաժեշտությունը
Նախագծի հիմնավորման համաձայն՝ գործող օրենսդրությունը հստակ և միասնական մոտեցում չի նախատեսում պարտադիր զինվորական ծառայության ընթացքում համապատասխան զինվորական պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը հանրային և քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու նպատակով աշխատանքային ստաժում հաշվարկելու վերաբերյալ։
Միաժամանակ, զինվորական ծառայության ընթացքում որոշ զինծառայողներ զբաղեցնում են այնպիսի պաշտոններ, որոնց գործառույթներն անմիջականորեն առնչվում են նրանց ստացած մասնագիտությանը կամ գործունեության որոշակի բնագավառին։
Նման դեպքերում զինծառայողները գործնականում կիրառում և զարգացնում են մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները, սակայն հետագայում այդ ժամանակահատվածը կարող է չհաշվարկվել որպես համապատասխան բնագավառի աշխատանքային ստաժ։
Նախարարության գնահատմամբ՝ անհրաժեշտ է ապահովել զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերված փորձառության համարժեք իրավական գնահատումը։
Ե՞րբ զինվորական ծառայությունը կհաշվարկվի որպես մասնագիտական աշխատանքային ստաժ
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում համապատասխան զինվորական պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը կհաշվարկվի որպես մասնագիտական աշխատանքային ստաժ, եթե տվյալ պաշտոնի գործառույթները համապատասխանում են անձի՝ բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթղթում նշված մասնագիտությանը։
Ընդ որում, անձը համապատասխան մասնագիտությունը պետք է ձեռք բերած լինի մինչև տվյալ զինվորական պաշտոնն զբաղեցնելը։
Եթե անձը չունի համապատասխան մասնագիտական որակավորում, զինվորական պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը կարող է հաշվարկվել որպես տվյալ բնագավառի աշխատանքային ստաժ՝ հաշվի առնելով պաշտոնի գործառույթների բնույթն ու դրանց համապատասխանությունը տվյալ բնագավառին։
Այսպիսով, ստաժի հաշվարկման համար հիմք է ընդունվելու ոչ միայն անձի ծառայության կարգավիճակը, այլև նրա կողմից փաստացի իրականացված գործառույթների մասնագիտական բովանդակությունը։
Ո՞ր զինվորական պաշտոնների ժամանակահատվածը կներառվի հանրային ծառայության ստաժում
Նախագծով առաջարկվում է հանրային ծառայության ստաժում ներառել նաև պարտադիր զինվորական ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կամ ավագ ենթասպայական կազմի զինվորական կոչումով կրտսեր հրամանատարական զինվորական պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը։
Հիմնավորման համաձայն՝ նման պաշտոնների զբաղեցումը ենթադրում է ոչ միայն զինվորական ծառայության ընդհանուր պարտականությունների կատարում, այլև՝
- ենթակա անձնակազմի գործունեության կազմակերպում և համակարգում,
- ծառայողական առաջադրանքների կատարման ապահովում,
- հրամանատարական և կազմակերպչական գործառույթների իրականացում,
- համապատասխան պատասխանատվության ստանձնում։
Նշված փորձառությունը նպաստում է նաև կազմակերպչական, կառավարչական, հաղորդակցական և որոշումների կայացման կարողությունների զարգացմանը։
Ո՞ր ժամանակահատվածի վրա կտարածվեն նոր կարգավորումները
Նախագծերով նախատեսվում է նոր կարգավորումները տարածել 2018 թվականի մարտի 23-ից հետո պարտադիր զինվորական ծառայության ընթացքում համապատասխան զինվորական պաշտոններ զբաղեցրած կամ զբաղեցնող անձանց վրա։
Այս ամսաթիվն ընտրվել է՝ հաշվի առնելով, որ 2018 թվականի մարտի 23-ին ընդունվել են «Հանրային ծառայության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքները, որոնցով ձևավորվել են այդ ոլորտների գործող իրավակարգավորումների հիմքերը։
Նախարարությունը միաժամանակ ընդգծում է, որ առաջարկվող փոփոխություններով պարտադիր զինվորական ծառայությունն ամբողջությամբ չի ճանաչվելու որպես հանրային ծառայություն։ Խոսքը բացառապես օրենքով սահմանված պայմանների առկայության դեպքում որոշակի ժամանակահատվածների հաշվարկման մասին է։
Ի՞նչ արդյունք է ակնկալվում
Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է՝
- ապահովել զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերված մասնագիտական փորձառության իրավական ճանաչումը,
- հստակեցնել աշխատանքային ստաժի հաշվարկման կարգավորումները,
- ընդլայնել հանրային և քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունները,
- խրախուսել զինծառայողների մասնագիտական զարգացումն ու ծառայողական առաջխաղացումը,
- նպաստել հանրային ծառայության համակարգում համապատասխան գիտելիքներ և փորձառություն ունեցող անձանց ներուժի օգտագործմանը։
Նախագծերի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություն չի առաջանա։



