23-ամյա կիսապաշտպան Ֆերմին Լոպեսի հետ գործարքով հետաքրքրված է ԱՊԼ-ի չորս ակումբ
СПОРТԿատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը հայտնվել է անգլիական Պրեմիեր լիգայի մի շարք թոփ-ակումբների տրանսֆերային թիրախում։ Իսպանացի ֆուտբոլիստի տպավորիչ խաղը ստիպել է մառախլապատ Ալբիոնի ներկայացուցիչներին պատրաստել աստղաբաշխական առաջարկներ։
Ինչպես տեղեկացնում է իսպանական Diario SPORT-ը, 23-ամյա կիսապաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է ԱՊԼ-ի միանգամից չորս ակումբ, որոնք պատրաստ են գործարքի համար վճարել շուրջ 100 միլիոն եվրո։ Հավակնորդների թվում առավել ակտիվ են լոնդոնյան «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը», իսկ մյուս երկու ակումբների անունները դեռևս գաղտնի են պահվում։ Հատկանշական է, որ «ազնվականները» դեռ նախորդ ամռանն էին փորձել ձեռք բերել ֆուտբոլիստին՝ առաջարկելով մոտ 70 միլիոն եվրո, սակայն կատալոնական ակումբը մերժել էր այդ տարբերակը։
Անգլիական գրանդների նման ակտիվությունը պատահական չէ։ Ֆերմինը դարձել է Հանսի Ֆլիկի գլխավորած թիմի առանցքային խաղացողներից մեկը։ Ըստ FootballTransfers-ի տվյալների՝ ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 15 հանդիպումներում իսպանացին արդեն իսկ դարձել է 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Չնայած ֆինանսապես չափազանց գրավիչ առաջարկներին՝ գործարքի կայացման հավանականությունը ներկայումս շատ ցածր է։ Թե՛ «Բարսելոնան», թե՛ ինքը՝ ֆուտբոլիստը, տրամադրված չեն բաժանման։ Դեռևս հոկտեմբերի վերջին՝ «Ալավեսի» դեմ խաղից հետո, անդրադառնալով «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրությանը, Լոպեսը հստակ ընդգծել էր, որ իր ապագան տեսնում է բացառապես հարազատ ակումբում և ցանկանում է կարիերան ավարտել «կապտանռնագույն» մարզաշապիկով։
Բացի այդ, բանակցային գործընթացում «Բարսելոնայի» դիրքերը չափազանց ամուր են, քանի որ այս տարվա հունվարին կողմերը երկարաձգել էին պայմանագրի ժամկետը մինչև 2031 թվականը։ Ավելին՝ կատալոնական ակումբի ղեկավարությունը առաջիկայում նախատեսում է նոր հանդիպում ունենալ ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ՝ նրա աշխատավարձը բարձրացնելու և գործող պայմանագրի կետերը բարելավելու նպատակով։



