Զորակոչի տարիքային շեմը կփոխվի․ ում կվերաբերի նախագիծը
ОБЩЕСТВОԱշխարհի թոփ 50 բուհերի ուսանողների զորակոչի տարիքային շեմն առաջարկվում է դարձնել 32-ը։ Կառավարությունն առաջարկում է աշխարհի թոփ 50 համալսարաններում սովորող ՀՀ քաղաքացիների համար զորակոչի ենթակա լինելու շեմը 27-ի փոխարեն դարձնել 32-ը: Այս մասին ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Նախորդ տարի կատարված համապատասխան լրացումների արդյունքում հնարավորություն էր տրվել աշխարհի հեղինակավոր թոփ 50 բուհերում կրթություն ստացած քաղաքացիներին ուսումնառությունից հետո աշխատանքի անցնել Կառավարության սահմանված կարգով ու պայմաններով։ Օրենքի գործարկման ընթացքում ի հայտ է եկել մեկ սահմանափակում, որը կարող է խոչընդոտել ծրագրի ամբողջական իրականացմանը: Խոսքը զորակոչի տարկետման ենթակա լինելու տարիքային վերին շեմի մասին է։ Ասպիրանտուրայում կամ մագիստրատուրայում սովորող որոշ քաղաքացիների՝ ուսումնառությունից հետո 3 տարի աշխատելու ընթացքում լրանում է 27 տարեկանը, ինչի հետևանքով նրանք չեն կարողանում լիարժեքորեն օգտվել տարկետման այս իրավունքից։ Օրենքի նախագծով առաջարկվում է զորակոչի ենթակա լինելու տարիքային վերին շեմը միայն այս խմբի քաղաքացիների համար սահմանել 32 տարեկանը»,- ասել է նախարարը:
Ժաննա Անդրեասյանը նշել է՝ 40 քաղաքացիներից, որոնք ավարտել էին ուսումը և կարող էին անցնել աշխատանքի, արդեն դիմել է 21-ը։
Օրենքի նախագիծը հանձնաժողովի նիստում ստացավ դրական եզրակացություն: Այն կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում:
Հետևեք մեզ՝ այստեղ



