Բժիշկների լիցենզավորման ժամկետները փոխվում են․ նոր որոշում է սպասվում
ОБЩЕСТВОԱզգային ժողովը նոյեմբերի 17-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-164-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով։
Հիմնավորմամբ առաջարկվում է օրենսդրությամբ նախատեսված ժամկետների փոփոխություն, որի արդյունքում ավագ բուժաշխատողների անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետ է սահմանվել 2027 թվականի հուլիսի 1-ը։ Համապատասխան ժամկետները կհստակեցվեն նաև հարակից օրենքներում։
Կապահովվի անհատական լիցենզավորման համակարգի հետևողական և փուլային ներդրումը, անցումային դրույթների փոխհամաձայնեցված կիրառումը, բուժաշխատողների տարբեր խմբերի համար իրավական որոշակիությունը և մասնագիտական գործունեության ու ուսումնառության շարունակականությունը։ Հնարավորություն է տրվում մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը կլինիկական օրդինատուրա (կլինիկական ռեզիդենտուրա) ընդունված անձանց կամավորության սկզբունքով անցումային լիցենզիա ստանալ և դրա հիմքով աշխատանքի թույլտվություն ձեռք բերել ուսումնառության ընթացքում։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, խոսելով բուժօգնության որակի մասին, կարևորել է բժիշկների կրթական հմտությունների ու բարեվարքության շարունակական բարելավումը։ Նախարարը նշել է, որ առաջիկա 5 տարիների ընթացքում գործարկման փուլում կանցկացվի 20,000 մասնակիցների լիցենզավորում, որից հետո կիրականացվի ընթացիկ լիցենզավորման գործընթացը։ «Ամեն անգամ, երբ բժիշկը կավարտի ուսումնառությունը, կստանա կլինիկական օրդինատուրայի համար ժամանակավոր (սահմանափակ) լիցենզիա, իսկ ավարտելուց հետո` մասնագիտական լիցենզիան»,- նշել է նախարարը։
Հարակից զեկույցում Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը։



